Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական հանրաքվեի քարոզչության հիմնադրամի հաշվին կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ Yerkir.am-ը ԿԸՀ-ից մանրամասներ ճշտեց: Մասնավորապես` հետաքրքրվեցինք`այս պահի դրությամբ քարոզչության մասնակից կուսակցությունների հիմնադրամներում որքան գումար է հայտարարագրված: ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ Կենտրոնական բանկը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին պարբերաբար ներկայացնում է տեղեկանք` Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
Նոյեմբերի 12 դրությամբ, համաձայն Կենտրոնական բանկի ներկայացրած տեղեկանքի, նախընտրական հիմնադրամներ են բացել հետևյալ կուսակցությունները` ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն: ԿԸՀ մամուլի խոսնակը տեղեկացրեց նաև, որ, նոյեմբերի 12-ի դրությամբ, ՀՀԿ-ի հիմնադրամ է մուտքագրվել 41 միլիոն 790 հազար 800 դրամ, որից ծախսվել է 4 միլիոն 184 հազար 4 հարյուր դրամ: ՀԱԿ-ի քարոզչության հիմնադրամ է մուտքագրված 1 միլիոն 555 հազար 431 դրամ, հիմնադրամից որևէ ծախսեր չեն կատարվել: ՀՅԴ կուսակցության հիմնադրամ մուտքագրվել է 3 միլիոն դրամ, ծախսեր չեն կատարվել: «Ժառանգություն» կուսակցության հիմնադրամ մուտքագրվել է 1 միլիոն դրամ, որից ծախսվել է 300 հազարը: Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության հիմնադրամ մուտքագրվել է 95 հազար դրամ, ծախսեր չեն կատարվել: ՕԵԿ-ը հիմնադրամ բացել է, սակայն դրամային միջոցներ չեն մուտքագրվել: ԲՀԿ-ի հիմնադրամ մուտքագրվել է 1 միլիոն դրամ, որից ծախսվել է 50 հազարը:
Հերմինե Հարությունյանի հաղորդմամբ` քարոզչության ֆինանսավորման համար հիմնադրամներ են բացել նաև մի քանի ՀԿ-ներ` «Սևան» մարզական-հասարակական կազմակերպությունը, «Հայ ակումբ» ՀԿ-ն, «Նիգ-Ապարան» հայրենակցական կազմակերպությունը: 300 հազար դրամի չափով մուտք է արել միայն «Սևան» մարզական-հասարակական կազմակերպությունը, 300 հազար դրամն էլ ծախսվել է:
Yerkir.am-ը փորձեց կապ հաստատել նաև վերոհիշյալ կուսակցությունների ներկայացուցիչների հետ` տեղեկանալու` այսօրվա դրությամբ որքան է հիմնադրամներում հավաքված գումարի չափը: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտնեց, որ ԲՀԿ-ի հիմնադրամին փոխանցվել է 2 միլիոն դրամ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ կուսակցությունը հիմնադրամին հատկացրել է 25 միլիոն դրամ: Իսկ ՀՅԴ գրասենյակից տեղեկացանք, որ կուսակցությունն այս պահի դրությամբ հիմնադրամին հատկացրել է 6 միլիոն դրամ: Մնացած կուսակցությունների ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց:
Նշենք, որ հիմնադրամի միջոցները հավաքվում են քարոզչության իրավունք ունեցող անձի տված գրավոր դիմումի համաձայն`ՀՀ ԿԲ-ում բացված հատուկ հաշվում:
Հիմնադրամը ստեղծվում է անձնական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից: Հիմնադրամում մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, բյուջետային հիմնարկները, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, բարեգործական, կրոնական, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները, բաժնետիրական կապիտալում 30 տոկոսից ավելի օտարերկրյա բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:
Տեղեկացնենք նաև, որ Կենտրոնական բանկը եռօրյա պարբերականությամբ կենտրոնական հանձնաժողովին տեղեկանք է ներկայացնում հիմնադրամների ֆինանսական գործողությունների վերաբերյալ, որոնք դադարեցնում են քվեարկությունից մեկ օր առաջ: