|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Բոլորովին վերջերս գնացել էի Ազգային ժողով եւ մինչ կազատվեր նա, ում մոտ գնացել էի, հանգիստ սպասում էի խորհրդարանի միջանցքում: Հանկարծ միջանցքի այն կողմից երեւացին երեք հոգի: Որոշ ժամանակ անց /քանի որ միջանցքը շատ երկար է/ ես նկատեցի, որ նրանցից մեկը` մեջտեղինը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն է, իսկ կողքի երկուսը`… նրա թիկնապահները: Կրկնում եմ, ԱԺ-ի շենքում եմ, որտեղ մտնելու համար ինձ եւ բոլորին տեղի անվտանգության ծառայողները մանրակրկիտ ստուգում են, հետեւաբար, եթե անգամ Գալուստ Սահակյանին կամ որեւէ այլ մեկին ԱԺ-ի դահլիճներում, սենյակներում, միջանցքներում վտանգ է սպառնում, ինչը կանխելու համար էլ հենց թիկնապահները պետք են, ապա միայն այն պարագայում, երբ մեկն ուղղակի որոշի բռունցքներով խոսել ԱԺ նախագահի հետ:
Սակայն, քանի որ ԱԺ նախագահի հետ բռունցքներով խոսելը ոչ թե համարձակություն է, այլ ցնորվածություն, իսկ մենք հուսուվ ենք, որ ԱԺ-ի տարածք ցնորվածներ չեն մտնում, նշանակում է, որ Գալուստ Գրիգորիչը կարող է հանգիստ զբոսնել «իր հիմնարկի» տարածքում` լրիվ միայնակ: Բայց, թողնենք ԱԺ նախագահին, հատկապես, որ նրա թիկնապահներից մեկը, պարզվում է, հումորի կարգին զգացողություն ունի եւ հետո մոտեցավ մեզ, որպեսզի ճշտի, թե ինքը լա՞վ է դուրս եկել կադրում: Գոհ մնաց, հետո անգամ կողքներս կանգնեց եւ մենք մեզ զգացինք չափազանց ապահով եւ «թիկնապահված»:
Այս պատմության հետ ոչ մի կապ չունեցող` «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանում վերջին տարիներին աճել է թիկնապահների պահանջարկը: «Հիմնականում հարուստ խավերը կամ խնդիրներ ունեցողներն են պահանջում թիկնապահներ»,-նկատել է Դավթյանը եւ շեշտել. «Եթե երկու տարի առաջ Հայաստանում պահանջում էին թիկնեղ մարմիններով թիկնապահներ, սակայն հիմա մարդիկ կողմնորոշվել են, որ թիկնապահները պետք է լինեն ոչ թե աժդահա կամ սափրած գլուխներով, այլ պետք է մտավոր հարուստ լինեն»:
Այս համատեքստում, անշուշտ, ավելի լավ կլիներ, որ թիկնապահները ոչ միայն մտավոր հարուստ լինեին, այլեւ մեկ-երկու ոտանավոր իմանային, դե ընդհանուր զարգացվածության համար, եւ բացի «Թիկնապահը» դասական դարձած ֆիլմից, ուրիշ ֆիլմեր էլ դիտած լինեին, ենթադրենք` կենդանիների, սիրո, բնության, խաղաղության եւ բարության մասին, ու ամենակարեւորը` հումոր ունենային, բայց թիկնապահներից նման պահանջներ ունենալու հարցում կողմնորոշվելու համար թերեւս երկու տարի էլ լրացուցիչ պետք է:
Ինչեւէ, Արսեն Դավթյանը չի շրջանցել նաեւ թիկնապահների վարձատրության թեման` նշելով, որ եթե առաջ թիկնապահը Հայաստանում ստանում էր 120-150 հազար դրամ, ապա այսօր ստանում է 200-250 հազար դրամ, ընդ որում, ըստ Դավթյանի տեղեկությունների` կան թիկնապահներ, որոնց գործատուները նրանց տալիս են հազարավոր դոլարներ. «Ես անվտանգության ծառայության պետ գիտեմ, որ ամիսը տասը հազար դոլար է ստանում», ասել է Դավթյանը եւ շեշտել. «Քանի որ Հայաստանում կենսամակարդակը ցածր է, թիկնապահներն էլ ցածր աշխատավարձ են ստանում»:
Կրկնում ենք, թիկնապահները Հայաստանում ստանում են 200-250 հազար դրամ, ոմանք` հազարավոր դոլարներ, մեկը` տասը հազար դոլար: Այո, նրանք բոլորը ոչ միայն թիկնեղ են, այլեւ մտավոր հարուստ են, բայց կներեք, Հայաստանում թիկնապահներից բարձր, ուրեմն, ո՞վ է ստանում…
Բայց այս պատմության ամենակարեւորն, անշուշտ, ուրիշների փողը հաշվելը չէ, կարեւորն այն է, որ մեզանում աճել է թիկնապահների պահանջարկը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ մենք սկսել ենք շատ խնդիրներ ունենալ, որոնց պատճառով մեզ կարող են եւ սպանել, ծեծել, երեւի նշանակում է: Բայց սա հաստատ նշանակում է, որ մեզանում վախկոտներն են շատացել եւ ինչն ավելի սարսափելի է` վախը:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հանրահայտ Gallup-ը Հայաստանը ճանաչել էր աշխարհի 9-րդ երկիրը, որտեղ կարելի է` «երեկոյան ժամերին միայնակ ապահով զբոսնել»: Gallup-ը հավանաբար մոռացել էր Հայաստանի պարագայում հանել` «միայնակ» բառը, քանի որ Հայաստանում ոչ թե երեկոյան, այլը օրը ցերեկով, ոչ թե փողոցում, այլ` խորհրդարանի ներսում, միայնակ չի զբոսնում անգամ ԱԺ նախագահը:
Հովիկ Աֆյան