կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 19:15
Քաղաքական

Պահանջարկը մեծացել է, սա շուկայի տարրական կանոնն է․ պատգամավորը՝ դիմակների գնի մասին

«Տուգանքները նվազեցնելու կարիքը կար, սակայն պարետատան գործողություններին զուգահեռ քաղաքացիները պիտի մաքսիմալ զգոն և կարգապահ լինեն այս շրջանում, երբ սահմանափակումները գրեթե ամբողջությամբ հանված են։  Երկկողմանի պրոցես է, միայն պարետատան գործողությունները բավարար չեն, պիտի քաղաքացիների հետ թիմային կարողանանք համավարակի տարածման տեմպերը նվազեցնել»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով փակ տարածքներում դիմակ չկրելու 100-250 հազար դրամ տուգանքը նվազեցնելու օրինագծին։

Պատգամավորի խոսքով՝ այս փուլում որոշումների կայացումը կախված է համավարակի տարածման դինամիկայից:

Դիտարկմանը, որ օրական մի քանի դիմակ գնելը զգալի գումար է կազմում, և ոչ բոլորն ունեն ֆինանսական այդքան միջոցներ, Մկրտչյանը պատասխանեց․ «Համաշխարհային շուկայում դիմակների գները բարձր են, բնականաբար, քաղաքացիների համար հավելյալ ֆինանսական բեռ է, բայց սա լավ օրից չէ։ Այս իրավիճակում դիմակ կրելը պարտադիր է, հստակ չէ թե որքան դրանք կօգնեն չվարակվել, սակայն սա նվազագույնն է, որը պետք է անենք»։

Հարցին, արդյո՞ք կա գործիքակազմ, որպեսզի կառավարությունը թույլ չտա տնտեսվարողներին՝ դիմակների արտադրությունից գերշահույթ ստանալ, պատգամավորը պատասխանեց․ «Գերշահույթի մասին խոսք գնալ անգամ չի կարող, քանի որ դիմակների պահանջարկը մեծացել է, և սա շուկայի տարրական կանոնն է. այս դեպքում գները սկսում են բարձրանալ, և ոչ միայն Հայաստանում։ Բայց սա բնականաբար չի նշանակում, որ կառավարությունը չի վերահսկելու դիմակների գների հետ կապված գործընթացը»։

Մանրամասները՝ տեսանյութում