Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի կողմից՝ գայթակղություն է եղել լինել ոչ միայն հյուր, այլ նաև հաղորդման տանուտեր, մյուս կողմից՝ կա պատասխանատվություն. այսօր խորհրդարանում ասաց ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով իր` Հ1-ով քաղաքական նոր հաղորդում վարելուն:
«Առաջարկը ստանալուն պես երկակի զգացողություն եմ ունեցել: Բայց, ծանրութեթև անելով, որոշեցի ստեղծագործական աշխատանքի այս ձևն էլ փորձել, հատկապես, որ ասում են «Ամենախելացին» մեկ հաղորդման վարելը դրական է ազդել կրթության վրա»,- ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է ճիշտ և կոռեկտ, որ, ՀՀԿ փոխնախագահ և կրթության նախարար լինելով, որպես հաղորդավար, հրավիրելու է այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Արմեն Աշոտյանը նշեց, որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն: «Ցավում եմ, որ դեռ կան մարդիկ, որ չեն կարողանում ինձ տարածական ընկալել: Ես տարածական անձնավորություն եմ՝ անկախ նրանից՝ ինչ պաշտոն եմ զբաղեցնում»,- ասաց նա:
Աշոտյանը հավելեց, որ արդեն մի քանի հաղորդում նկարահանել են, իսկ հյուրերը շատ պատրաստակամ արձագանքում են իր հրավերներին: Նրա խոսքով` ինքը քննադատությունների պատրաստ է միայն հաղորդման՝ եթեր գնալուց հետո:
Աշոտյանը վստահեցրեց, որ ինքը բոլորովին էլ «այո»-ի քարոզչություն չի իրականացնելու իր հաղորդման միջոցով, այլ իրեն վերապահված՝ հաղորդավարի ֆունկցիան է իրականացնելու՝ «տալ ամենաանհարմար հարցերը ցանկացած հյուրի»:
Ի դեպ, նախարարը նշեց, որ իր բուն գործը նոր աշխատանքի հետ համատեղելու է՝ առանց դժգոհելու: «Դեռ չեմ դժգոհում, ես ամբողջությամբ համադրում եմ: Եթե դուք հետևեք իմ աշխատանքային առօրյային, կտեսնեք»,- ասաց նա և նշեց նաև, որ իր նոր աշխատանքը վճարովի հիմունքներով է լինելու:
Պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ից հյուր ունենալո՞ւ է, Աշոտյանը պատասխանեց, որ հյուրերի «սև ցուցակ» չունի: