կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-23 17:10
Հասարակություն

Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում կարող է չդիմանանք ձեռքի տակ եղած արսենալի կիրառման «գայթակղությանը». Դավիթ Տոնոյան

Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում կարող է չդիմանանք ձեռքի տակ եղած արսենալի կիրառման «գայթակղությանը». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական սադրանքի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների»,- ըստ «Արմենպրեսը»-ի` EADaily-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը միաժամանակ շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ, և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի դեպքում կարող են չդիմանալ  ձեռքի տակ եղած ռազմական արսենալի կիրառման «գայթակղությանը»:

«Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ` չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին` դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ նախարարը նշել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացքում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացներ դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես` նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը: