կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 11:45
Հասարակություն

ԿԸՀ նախագահը չի ընդունում մատների թանաքոտումը

ԿԸՀ նախագահը չի ընդունում մատների թանաքոտումը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր պատասխանեց լրագրողների հարցերին:

Yerkir.am-ի այն հարցին, թե ԱԺ-ում նույնականացման քարտով ընտրելու վերաբերյալ քննարկումներից հետո ինքն ի՞նչ դիրքորոշման է հանգել, ԿԸՀ նախագահը պատասխանեց, որ ձեռնպահ կմնա որևէ առաջարկ ներկայացնելուց, քանի որ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Այն գործիքակազմը, որը պետք է ընտրել այս խնդրի կարգավորման համար, պետք է լինի շատ իրատեսական, ներառին բոլոր ռիսկերը, հակառակ դեպքում՝ վստահության դեմ ուղղված ցանկացած գործիք կարող է հանգեցնել ավելի մեծ անվստահության»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի քվեարկության ժամանակ նույնականացման քարտ ունեցողների մատները թանաքոտելու վերաբերյալ՝ որպես կրկնակի քվեարկությունը բացառող գործիք, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընդհանրապես չի ընդունում մատը թանաքոտելը, և այդ դիրքորոշումը պայմանավորված է տարբեր երկրներում այդ մեթոդի պրակտիկ կիրառման վերլուծությամբ ու փորձով: Իսկ այդ փորձը վկայում է, որ թանաքանյութը կենցաղային շփման ժամանակ կարող է անցնել ձեռքից ձեռք:

«Այսինքն՝ մարդը, չգալով ընտրատեղամաս, բարևում է թանաքոտ մատ ունեցողին, և այդ թանաքն անցնում է նրա ձեռքին: Դրանից բացի՝ թանաքանյութը հեշտությամբ կարելի է հեռացնել տարբեր քիմիական նյութերի օգտագործմամբ: Այսինքն՝ եթե թանաքանյութը հնարավոր է հեռացնել, ուրեմն այն չի ծառայում իր առջև դրված նպատակին»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը հավելեց, որ ունեցել են դեպքեր, երբ թղթե անձնագրի վրա դրված կնիքն են կարողացել հեռացնել թաց սպիրտային անձեռոցիկով, ուստի մատը թանաքոտելու պարագայում այն մատի վրայից հեռացնելն ավելի հեշտ կլինի:

Մեր հարցին, թե, բացառելով մատերի թանաքոտումը, ի՞նչ մեթոդներ են մնում նույնականացման քարտերով քվեարկությունը պատշաճ կազմակերպելու համար, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ կա մեծ գործիքակազմ: Դրանցից մեկը ցուցակների հրապարակումն է, այնուհետև հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կազմակերպումը. նույնականացման քարտ ունեցող քաղաքացին, գնալով ընտրատեղամաս, նախ մոտենում է ընտրացուցակին, գտնում իր անուն-ազգանունը, այնուհետև մոտենում հանձնաժողովին, այստեղ էլ գտնում են քաղաքացու անուն-ազգանունը, որից հետո նա ստորագրում է իր անվան դիմաց ու կատարում քվեարկություն, իսկ երկրորդ անգամ նույն անձը չի կարող քվեարկել, որովհետև պետք է իրականացնի նույն գործողությունները, մինչդեռ՝ կա ստորագրություն և հանձնաժողովի վերահսկող աշխատանքը: Բացի այդ՝ քվեարկությունը կարող են հսկել լրատվամիջոցները՝ առանց ավելորդ հավատարմագրման, ընթացքը կարող է տեսագրվել և այլն: Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ նշված գործիքակազմը կարող է ապահովել լիարժեք քվեարկության պրոցես: