Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է ՀՀԿ պատգամավորների կողմից ներկայացված՝ «Ընտրական օրենսգրքում եւ նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը, որով պետք է հստակեցվի նույնականացման քարտ ունեցողների կողմից ընտրության մասնակցելու կարգը:
Իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ համակարգային խնդիր կա, և որ այդ խնդիրը կառավարության խնդիրն է:
«Անձը հաստատող փաստաթուղթը Հայաստանում միասնական չէ. մի մասը միայն նույնականացման քարտ ունի, մի մասը՝ և\' նույնականացման քարտ, և\' անձնագիր, մի մասը` կենսաչափական անձնագիր, մյուս մասը՝ անձնագիր: Մի խոսքով՝ խառնաշփոթ: Իսկ սա արդեն համակարգային խնդիր է, ինչը նաև նշանակում է, որ մեր քաղաքացիների շահերն ու իրավունքները պաշտպանելու առումով մենք ընդհանրական պետական միասնական քաղաքականություն իրականացնելու կառավարման խնդիր ունենք: Անկախ հանրաքվեից` այս հարցին պետք է վերջնական լուծում տրվի»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով որ իրավիճակային ու կարկատանային գործելաոճն անընդունելի է, և բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ:
Պատգամավորի խոսքով՝ այդ հարցով պետք է զբաղվել՝ այսօրվանից սկսած: Ըստ նրա՝ կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի միջազգային մրցույթի ներքին խոհանոցը մի օր կբացահայտվի: «Այդ ծրագրով 10 և ավելի միլիոն դոլար է ծախսվել, որ այս վիճակը ունենա՞նք: Ունենք կոնկրետ խնդիր, օրենքով իրացնում ենք մարդու՝ քվեարկելու սահմանադրական իրավունքը, բայց բացարձակապես չենք մեծացնում ընտրությունների հանդեպ առանց այդ էլ նվազագույն վստահությունը: Խնդիրը պետք է լինի ոչ թե մեկ, այլ երկու հարցերն էլ լուծելը: Ժողովրդական խոսք կա՝ աչքը շինելու տեղ, ունքը պետք չէ քանդել»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա համոզված է, որ եթե խնդիրը ճիշտ ձևակերպվի, միշտ էլ լուծումներ կգտնվեն: Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն գրավոր առաջարկություն է ներկայացրել, որ նույնականացման քարտ ունեցողներին տրվի նաև համապատասխան տեղեկանք այն համարով, որը կկնքվի ու կմնա ընտրատեղամասում, մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք պարտավոր են լուծել պատկան մարմինները:
Ըստ պատգամավորի՝ տարբերակ է նաև այդ 180 հազարին իններորդ ձևը տալը կամ մատը թանաքոտելը: «Լևոն Զուրաբյանն այստեղ խելամիտ գտնվեց, բնականաբար, իրավունք չունենալով խոսել Դաշնակցության անունից, նա զգուշորեն մի բան ակնարկեց՝ այո, Դաշնակցությունը արդար քվեարկություն ապահովող ցանկացած մեխանիզմի կողմնակից է: Լավ է, որ գոնե սա ընդունում են»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Ըստ նրա՝ հսկայական միջոցներ են ծախսվել տեղեկավտական միասնական բազա ձևավորելու համար, և եթե այն չի գործում, ուրեմն պետք է գտնել մեղավորներին, այլապես՝ եթե օրը երեք անգամ անձնագրային վարչության պետ փոխեն, միևնույն է, հարցերը մնալու են:
«Գնացե\'ք, վերահսկե\'ք, թույլ մի\' տվեք, որ խախտումներ անեն: Համապետական ընտրությունների համար պետք է պատասխանատվություն կրի պետությունը, և սա պետք է նկատի ունենալ նոր Ընտրական օրենսգիրքը մշակելիս: ՀՅԴ առաջարկությունը լուծում է խնդիրը, բայց մեծ հաշվով փուլային ելք է ապահովում: Այսօրվանից սկսած՝ պետք է ձեռնարկվեն քայլեր, որ մինչև հաջորդ համապետական ընտրությունները բոլոր քաղաքացիներն ունենան անձը հաստատող միասնական փաստաթուղթ: Դա կարող է լինել նույնականացման քարտը: Պետությունը պետք է իր վրա վերցնի այդ բեռի մի մասը և բոլորին քարտ հատկացնի, ինչն էլ հնարավորություն կտա անցնելու քվեարկության ժամանակակից համակարգի և նորմալ ընտրություններ անցկացնելու երկրում»,- ասաց Աղվան Վարդանյանը: