կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 10:35
Քաղաքական

Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

Լեզուն ոսկոր չունի, համացանցն էլ՝ բարոյութիւն...

Նորագոյն ու հզօր տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում, համացանցի բարիքներին ու առաւելութիւններին անխուսափելիօրէն զուգակցւում են չարիքներն ու ստորացումները…, անշուշտ, որպէս անհատական, հաւաքական եւ ընդհուպ՝ քաղաքական շահարկումների ընձեռած հարթակ:

Համացանցային նմանատիպ շահարկման վերջին օրինակն է հանդիսացել այսպէս ասած՝ «Հայաստան հիմնադրամին» իրանահայութեան նւիրատւութիւնների իւրացումը՝ ՀՅԴ-ի կողմից …:

Ահաեւ՝ համացանցային օրւայ «հերոսները», որոնք անբարոյութիւնը այս մակարդակի հասցնելու ոչ ամօթն են ունեցել, ոչ էլ՝ դոյզն իսկ խելամտութիւնը, քանզի յիմար պիտի լինել չմբռնելու, որ տւեալ նւիրատւութիւնները յատկապէս խիստ փաստաթղթաւորւած են ու դժւար սակարկելի: Սակայն «հերոսների» նպատակը եղել է սոսկ ՀՅԴ-ին վարկաբեկելը, որն հայաստանեան ներքաղաքական իրավիճակից ելնելով ձեռնտու է իրենց պատւիրատուներին:

Խորհելու տեղիք է տալիս նաեւ այն, թէ ինչո՞ւ թիրախ է դարձել լոկ Իրանի ՀՅԴ կառոյցը… Չէ՞, որ պատերազմական շրջանում «Հիմնադրամին» օժանդակելու բազմաթիւ այլ սփիւռքեան համայնքներ են լծւել այդ գործին, որին ուղղակի, թէ՛ անուղղակի տարբեր կառոյցների հետ միասին, աջակցութիւն է ցուցաբերել մանաւանդ ՀՅԴ-ն ու նրան յարակից այլեւայլ կառոյցներ: Չնայած, որ նոյն աշխարհասփիւռ կառոյցների մօտ հետագայում խիստ հիասթափութիւն առաջացաւ ի տես «Հիմնադրամին» փոխանցւած աւելի քան 100 միլիոն դոլարի մեղմ ասած՝ աննպատակասլաց օգտագործման…:

Ինչեւէ, համացանցային հակադաշնակցութիւն վերջին յերիւրանքներին արժանի պատասխանը տւեցին ինչպէս հայաստանեան ՀՅԴ կառոյցի պատասխանատուները (տեսնել մեր երէկւայ մարտի 8-ի համարի Ա էջում), այնպէս էլ մեր այսօրւայ թւով՝ մեր համայնքում նւիրատւութիւնների համակարգող՝ ազգային իշխանութեան գործադիր մարմին՝ Թեմական խորհուրդը, որն էլ յստակ լուսաբանութեամբ վերահաստատեց մեր հինաւուրց համայնքի անդամների բարձր գիտակցութիւնը:

Ամփոփելով՝ հարկ ենք համարում բարձրաձայնել նաեւ այն պարագան, որ լայն շրջանառութեան մէջ դրած համացանացային հերթական ստերի ու կեղծիքների «հեղինակ-հերոսները» յականէ-յանւանէ նշել են ոմն իրանահայի, որի «վկայութիւններն» էլ (ըստ նոյն հեղինակների) հիմք են հանդիսացել այդ լկտի ու անբարոյ զրպարտութիւնների:

Ուստիեւ տեղին է, որպէսզի նշւած իրանահայը լինելով Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի անդամ, պատասխանատւութիւն կրի իր արդէն հերթական զրպարտութեան համար, նոյն ժողովի եւ ինչու չէ՝ հանրութեան առջեւ…:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ  ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ Դ. Մ.