կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-01 17:55
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

   Հովիկ Աբրահամյանը` Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ներկա է գտնվել նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին, ինչպես նաև Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությանը:

75-ամյակի, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հովիկ Աբրահամյանն Արևշատ Ավագյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Արվեստագետը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝  բարձր գնահատանքի և մշակույթի ոլորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար: 


Այնուհետև կատարումներով հանդես են եկել Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի և «Տերյան մշակութային կենտրոն»-ի սաները:

Պերճ Պռոշյանի տուն թանգարանում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է նաև մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ, ծանոթացել մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերին, լսել մտավորականներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: