Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Պարույր Սևակ, Լևոն Շանթ, Շարլ Ազնավուր, Սոս Սարգսյան, Սիլվա Կապուտիկյան … Շուրջ 15 հոբելյանների անվանական տնկիներ՝ ծիրանենիներ և խնձորենիներ տնկվեցին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանում:
«Ծառատունկը յուրօրինակ սիմվոլիկա ունի՝ ապրեցնելու, վերածննդի, և մենք այս փոքրիկ նախաձեռնությամբ շարունակական ենք դարձնում Աբովենց այգու հայտնի սովորույթը, որ այգին և տան դռները բաց էին բոլորի առջև»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց Խ.Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:
Տնօրենի խոսքով` բազմաթիվ հիշատակություններ կան պահպանված, որ Խաչատուր Աբովյանի տանը շատ մտավորականներ են հյուրընկալվել, և այս քայլով սկիզբ է դրվում տուն-թանգարանը մտավորականության համար յուրօրինակ հավաքատեղի դարձնելու նախաձեռնությանը:
Ծառատունկին մասնակցեցին մտավորականներ, գրականության, արվեստի, մշակույթի հայտնի գործիչներ:
«Հրավիրվածների թվում են նաև այն հոբելյարների ժառանգները, որոնց անդրադարձել ենք, ինչպես նաև թանգարանների տնօրենները: Օրինակ՝ Խ.Աբովյանի անվան տնկին դրեց նրա հեռավոր ժառանգ Արման Աբովյանը, որը ներկայումս պատգամավոր է, Պարույր Սևակին նվիրված տնկին՝ նրա թոռը՝ Սևակ Ղազարյանը, Լևոն Շանթինը՝ Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը: Թումանյանի և Փարաջանովի տնկիները դրեցին նրանց տուն-թանգարանների տնօրենները»,- ներկայացրեց Սյուզաննա Խոջամիրյանը:
Նրա խոսքով՝ քանի որ այս տարին առատ էր նշանավոր հոբելյաններով, իրենք որոշել են ծառատունկը նվիրել հենց հոբելյաններին, և որևէ սկզբունք չի եղել, թե որ հոբելյաններին են անդրադառնալու: «Այս անգամ առաջնորդվել ենք տարածքի սահմանափակ լինելով և տնկիների քանակով: Այսուհետ ծառատունկը և այգու կանաչապատման աշխատանքները շարունակական կլինեն»,- ասաց տնօրենը:
Ծիրանենիներ և խնձորենիներ տնկվեցին նաև Գևորգ էմինի, Երվանդ Օտյանի, Ակսել Բակունցի, Երվանդ Քոչարի, Հրաչյա Հովհաննիսյանի անուններով:
Աշնանային ծառատունկը նախաձեռնել էր Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանը, իսկ տնկիները տրամադրել էր «Էյ ԹԻ Փի» բարեգործական հիմնադրամը:
Լևոն Շանթը Համազգային հայ կրթական և մշակութային միության հիմնադիրն է եղել: Խորհրդանշական օրվա կապակցությամբ Համազգայինի երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առաքելյանը միության հրատարակած գրքերից նվիրեց Խ.Աբովյանի տուն-թանգարանին:
Նարա Մարտիրոսյան