կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 13:07
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայտնություն էր Խորենի՝ բեմ բարձրանալը, 1800 շարական բերանացի գիտեր»․ Խ․ Պալյանի ծննդյան օրը՝ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում

Մարտի 10-ին Երեւանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում՝ սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում, մշակութային իրարանցում էր՝ նրա ամուսնու՝ հոգեւոր երգիչ, մանկավարժ Խորեն Պալյանի ծննդյան օրն էր։ Խորհրդանշական օրվա առիթով թանգարանի տնօրինությունը մեկտեղել էր միաժամանակ երկու միջոցառում՝ հուշ-երեկո եւ Պալյանի «Լոյս ի լուսոյ» գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը ներկա էին հոգաբարձուների խորհրդի անդամներ Գուրգեն Մելիքյանը,  Էդիկ Ավետիսյանը, Արծրուն Ավագյանը, Սամվել Մուրադյանը, Սամվել Միքայելյանը, երգչուհի Հասմիկ Պապյանը, Ահարոն Արեւշատյանը  երգիչներ, դասախոսներ՝ Պալյանի սաները,  ընկերներ, հարազատներ։  

«Գեւորգյան ճեմարանում էր սովորում, առավոտյան 5-ին էր արթնանում։ Վանքի պատի տակով քայլելով՝ սերտում էր դասը, մինչեւ մյուսները կարթնանային։ Դրա համար երբեւէ ելույթ ունենալուց չօգտվեց նոտաներից կամ տեքստից։ Բերանացի ամբողջը գիտեր։ Այսպիսի գրագետ մարդ էր Խորեն Պալյանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Սուսաննա Դավթյանը։

Նա ասաց, որ Խորեն Պալյանին ճանաչել է 1964 թ.-ից, երբ նա թողել է հոգեւոր ասպարեզը եւ ամուսնացել հոգեւոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ։ Ճեմարանը թողնելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (965-1968 թթ․), եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, դասավանդել լեզվի պատմություն եւ գրաբար։

«Ես էլ էի ընդունվել համալսարան։ Ես առանձին նվագում էի, նա առանձին՝ երգում: Մոտեցավ ասաց՝ կլինի՞, որ Դուք ինձ նվագակցեք: Այդ ժամանակվանից սկսած՝ սկսեցի նվագակցել նրան եւ Լուսինեին: Հայտնություն էր նրա՝ բեմ բարձրանալը, որովհետեւ ժողովուրդն այդ տարիներին հոգեւոր սննդի կարոտ էր, հոգեւոր երաժշտության կարոտ էր: Շատ գրագետ էր, զարգացած, հումորով, շատ լիքը անձնավորություն էր։ 1800 շարական բերանացի գիտեր»,- հավելեց Դավթյանը:

Արեւելագետ, իրանագետ, «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» տնօրեն Գուրգեն Մելիքյանը շեշտում է՝ Խորենն անհատականություն էր: Պալյանի հետ ընկերություն է արել երկարուձիգ տարիներ։ «1964թ.-ից ընկերություն եմ արել։ Բառի լայն իմաստով՝ հայ արվեստագետ, նվիրյալ, զինվոր իր գործին: Ես Խորենի հետ տարիներ շարունակ այցելել եմ մեր խոնարհված եւ կանգուն եկեղեցիները, եղել ենք  տարբեր վայրերում: Խորենը միշտ խնկարկել եւ ոգեւորել է ժողովրդին, որ եկեղեցիները, հոգեւոր կենտրոնները մաքուր պահեն: Ես ուղղակի երջանիկ եմ, որ նրա ընկերն եմ եղել:  Արվեստն է մեզ պահելու, արվեստը մեզ զորություն է տալու, այդ ոգեղենով ես ապրում եմ։ Տարիներ շարունակ այս դուռն առանց թակելու եմ ներս մտել եւ վայելել Խորենի ու Լուսինեի մեծությունը: Տխուր եմ եղել, եկել եմ նրանց մոտ, որ ինձ ուժ տան՝ կարողանամ դիմակայել դժվարություննեին, ուրախ եմ եղել՝ եկել եմ նրանց մոտ, որպեսզի ինքս ոգեւորեմ»,- հուզված պատմում է Մելքոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան