կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 13:21
Քաղաքական

Չթարմացնել Սահմանադրությունն ու ակնկալել փոփոխություններ՝ հնարավոր չէ. Արտակ Զաքարյան

Չթարմացնել Սահմանադրությունն ու ակնկալել փոփոխություններ՝ հնարավոր չէ. Արտակ Զաքարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին: Նրա խոսքով՝ թե\' հասարակությունը, թե\' քաղաքական ուժերն այսօր գտնվում են բավական պատասխանատու և բարդ փուլում, որովհետև սահմանադրական փոփոխությունները դրականորեն են անդրադառնալու պետության կառավարման, պետություն-քաղաքացի լիարժեք իրավահարաբերություններ ապահովելու վրա:

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, քննարկումներով ու առաջարկություններով հանդերձ, լիովին համապատասխանում են երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

«Եթե մի երկրում պետք է տեղի ունենան համակարգային փոփոխություններ, ապա դրա իրատեսական ճանապարհը, իհարկե, սահմանադրական փոփոխություններն են, որոնք կբերեն կառավարման ձևի փոփոխության՝ ԱԺ-ն դարձնելով իրական ներկայացուցչական մարմին, քաղաքական ուժերին հնարավորություն տալով կայանալ, զարգանալ, դառնալ քաղաքական միտք ձևավորողներ, այլ ոչ թե քաղաքական խմբավորումներ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խորհրդարանական կառավարման ձևը ներկայացուցչական կառավարման լավագույն մոդելն է, ինչն էլ դեպի ժոովրդավարություն ևս մեկ խոշոր քայլ է:

Զաքարյանը կարծում է, որ միշտ էլ բարեփոխումներ իրականացնող քաղաքական ուժից դժգոհ են լինում բոլոր երկրներում, բայց գնալով սահմանադրական փոոփոխությունների, երկիրը գնում է համակարգային փոփոխության: Ըստ նրա՝ սոցիալական առումով էլ քաղաքացին լինելու է ավելի պաշտպանված, քանի որ ԱԺ-ն ունենալու է կառավարության վրա բավարար ազդեցություն, մինչդեռ՝ այսօրվա համակարգում տեսնում ենք, որ ընդդիմությունը չի կարողանում լիարժեք ազդել կառավարության վրա:

«Առաջարկվող փոփոխություններով՝ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար փորձելու ենք ունենալ այնպիսի խորհրդարան, որը կայուն մեծամասնություն ունենալու պարագայում ձևավորվի կառավարություն, որն ունենալու է ուժերի հավասարակշռության բոլոր հնարավորությունները»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ առաջիկայում Հանրապետական կուսակցությունը փորձելու է ժողովրդին անկեղծ, պարզ ու շիտակ ներկայացնել  սահմանադրական փոփոխությունները:

Հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունեն այսօր հասարակության լայն շերտերը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, պատգամավորը պատասխանեց, որ իշխող ուժն այսօր դեռ մեծ աշխատանք ունի անելու տեղեկատվական, քարոզչական դաշտում, սահմանադրական փոփոխությունները մարդկանց ներկայացնելու դաշտում: «Իրականում հասարակությունը դժգոհ է, բայց դա կապել Սահմանադրության հետ՝ սխալ մոտեցում է, որովհետև չթարմացնել Սահմանադրությունը ու ակնկալել փոփոխություններ՝ հնարավոր չէ»,- ասաց նա: