կարևոր
3532 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-05 11:38
Քաղաքական

Մեր երկրի Սահմանադրությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ․ Արսեն Բաբայան

Մեր երկրի Սահմանադրությունն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ․ Արսեն Բաբայան

«Այսօր, երբ մենք նշում ենք մեր երկրի Սահմանադրության ընդունման տոնը, պետք է հիշենք այն արժեքները, որոնք այն արտացոլում է՝ ժողովրդավարություն, արդարություն, ազատություն և իրավահավասարություն։ Սակայն, ցավոք, պետք է անդրադառնանք այն մռայլ իրականությանը, որում հայտնվել է մեր երկիրը վերջին տարիներին»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանն ու թվարկում.

Առաջինը՝ հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Սահմանադրությունը փոփոխվել է ապօրինաբար, սահմանադրական կարգի խախտմամբ։

Երկրորդ՝ խախտելով սահմանադրության դրույթները իշխանությունը միանձնյա որոշմամբ թշնամուն հանձնել է մեր հայրենիքից տարածքներ։ Սա ոչ միայն խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը, այլ նաև մեծ վտանգ է ստեղծել մեր ժողովրդի անվտանգության համար։

Երրորդ՝ գործող վարչապետի կոչով շրջափակելով ՀՀ դատարանները՝ տապալեցին սահմանադրական կարգը և փորձեցին ազդել դատական իշխանության անկախության վրա։ Սա անմիջական սպառնալիք է մեր դատական համակարգի կայունության համար։

Չորրորդ՝ Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք կալանավորված են իրենց քաղաքական համոզմունքների կամ հասարակական ընդդիմադիր ակտիվության համար։ Սա միանշանակ խախտում է մարդու իրավունքների և ազատության հիմնարար սկզբունքները։

Հինգերորդ՝ այն իրավիճակը, երբ համայնքի ղեկավարները անմիջապես իրենց ընտրվելուց հետո ապօրինի ճանապարհով կալանավորվում են, վկայում է իշխանության կողմից քաղաքական ճնշումների և անարդարության մասին։

Եվ վեցերորդ՝ խաղաղ հավաքների մասնակից տասնյակ մարդիկ բանտարկվեցին, ինչը խախտում է սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների իրավունքը։

Այս ամենը ցավալիորեն վկայում է այն մասին, որ մեր երկրի Սահմանադրությունը այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Մեր համերաշխությունը և պայքարը անխուսափելի են՝ վերականգնելու սահմանադրական կարգը և ապահովելու ժողովրդավարության և արդարության պաշտպանությունը Հայաստանում։ Մեր երկիրը արժանի է ավելի լավին, և մենք պարտավոր ենք պայքարել դրա համար։

Հարգանքով և հավատով դեպի Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։