կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-02 14:58
Տնտեսական

Տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել. Գագիկ Խաչատրյան

Տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել. Գագիկ Խաչատրյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն անդրադարձավ 2016 թ. բյուջեի նախագծին:

Հարցին, թե ինչո՞ւ այս տարի տնտեական աճի կանխատեսումներն այդքան զուսպ են՝ ընդամնեը 2.2 տոկոս, մինչդեռ՝ ՀՀԿ-ն իր նախընտրական շրջանում խոստանում էր 7 տոկոս տնտեսական աճ, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Նախ՝ պետք է նայել, թե, ժամանակագրական առումով, խոստումները երբ են տրվել, որովհետև աշխարհում շատ արագ են փոփոխվում տնտեսական իրողություններն ու զարգացումները: Եվ աշխարհում ու տարածաշրջանում ընթացող զարգացումները թույլ են տալիս ասել, որ տնտեսական աճի ավելի բարձր տեմպեր հնարավոր չէ ակնկալել»:

Հարցին, թե իրատեսակա՞ն է 2,2 տոկոսը, նախարարը պատասխանեց, որ բոլոր երկրներում գործում են մի քանի սցենարներ, և դժվար է հստակ ասել, թե որ ցուցանիշն է իրատեսական. Հայաստանի կառավարությունը վերցրել է միջինացված ցուցանիշ: «Զարգացումները հետագայում ցույց կտան, թե ինչ աճի տեմպ կունենանք»,- ասաց նա:

Լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք բացասական չէ այն, որ բյուջեի նախագծով կանխատեսվում են գնաճ, արտաքին պարտքի ավելացում, տնտեսական աճի նվազում, ֆինանսների նախարարը պատասխանեց, որ եթե կան տնտեսական աճի նվազման միտումներ, նշանակում է, որ բյուջեի կառուցվածքում գերակշռում են սոցիալական ծախսերը, իսկ դրանից հետ գնալը, ըստ նախարարի, դժվար գործ է ու անցանկալի:

Ըստ Գագիկ Խաչատրյանի՝ աշխարհի բոլոր երկրների կառավարությունները տնտեսական ճգնաժամերի պարագայում ավելի խոցելի վիճակում են հայտնվում, քան կառավարությունից պահանջողները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք կոռուպցիան չի խոչընդոտում ներդրումներին, նախարարը կարծիք հայտնեց, որ ներդրումների աճին խոչընդոտում են ևս մի քանի գործոններ՝ այն, որ Հայաստանը պատերազմող երկիր է, որ կան օրենսդրական կարգավորման խնդիրներ:

«Այո, նաև խոչընդոտ է կոռուպցիան, բայց դրա դեմ պայքարի գործում, թեկուզ չնչին, բայց կան փոփոխություններ: Մենք անընդհատ մոնիտորինգի տակ ենք պահում մեր ոլորտը՝ տեսնելու, թե ինչ աստիճանից ինչ աստիճանի ենք հասել, և որպեսզի ամեն ինչ կախված լինի ոչ թե անձերից, այլ համակարգից ու մեխանիզմներից»,- ասաց նախարարը: