կարևոր
1708 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-09 11:10
Քաղաքական

Անգամ սուպերվարչապետական սահմանադրությունն է սկսել խանգարել Փաշինյանին․ «Հրապարակ»

Անգամ սուպերվարչապետական սահմանադրությունն է սկսել խանգարել Փաշինյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ մի քանի անգամ կարծիք փոխած Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել է փոխել մայր օրենքը։ Երեկ այդ մասին հայտարարեց նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` իր ասուլիսում: Ներիշխանական կուլիսներում վաղուց էին խոսում, որ արտահերթ ընտրություններից առաջ Փաշինյանը գնալու է սահմանադրական փոփոխությունների: Բայց ի՞նչը չի բավարարում նրան այս սուպերվարչապետական Սահմանադրությունում, որի հեղինակները դա «կարել» էին Սերժ Սարգսյանի «հագով», սակայն բաժին հասավ Փաշինյանին:

Գուցե նա իր իշխանությունն էլ ավելի ամրապնդելու նոր մեխանիզմնե՞ր է որոշել ներդնել, գուցե իմաստը Սահմանադրության նախաբանից հրաժարվե՞լն է: Նկատենք, որ Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլին իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ հայերը պետք է հրաժարվեն տարածքային նկրտումներից եւ փոխեն իրենց Սահմանադրությունը: Իսկ ինչո՞վ է խանգարում մեր Սահմանադրությունն Իլհամ Ալիեւին ու Նիկոլ Փաշինյանին: Գործող Սահմանադրության նախաբանում հիշատակված է Հայաստանի Անկախության հռչակագիրը եւ ասվում է, որ Սահմանադրությունը պետք է մշակվի Հռչակագրի հիման վրա: Իսկ Անկախության հռչակագրի հիմքում Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի՝ Հայաստանն Արցախին վերամիավորելու որոշումն է դրված։ Հիմա Արցախը չնայած հայաթափված է, սակայն թուղթ ու թանաքով Ադրբեջանին չի հանձնվել։ 

Հիշեցնենք․ Սահմանադրության բարեփոխման թեման ՀՀ իշխանությունների օրակարգում է 2018-ից, երբ քննարկում էին կառավարման մոդելի փոփոխության եւ սուպերվարչապետությունից հրաժարվելու հարցը։ Փաշինյանը կառավարման կիսանախագահական ձեւին անցնելու մասին հայտարարեց 2021 թ․ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Սակայն դրանք 2020-ի պատերազմից հետո ծագած լարվածությունը թուլացնելուն եւ իր կառավարումը երկարաձգելուն ուղղված հայտարարություններ էին։ Մի քանի ամիս անց՝ 2021 թ․ դեկտեմբերին, երբ նրա դիրքերն արդեն ամրացել էին, նա հայտարարեց, որ վերջին ամիսների իրադարձություններն ապացուցեցին գործող մոդելի արդյունավետությունը, եւ ճիշտ չի համարում կառավարման նախկին համակարգին վերադառնալը։ Եվ սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձեւավորեց՝ իրեն հավատարիմ ՀԿ-ներից ու քաղաքական գործիչներից։ Խորհրդի կազմում էին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Մասիս Մելքոնյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը եւ Դանիել Իոաննիսյանը: Նրանք էլ ընտրեցին եւս 5 անդամի՝ մասնագետների, ովքեր, ըստ էության, գրելու են «նոր» Սահմանադրությունը։ 

Չնայած նախատեսվում էր մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 28-ը հաստատել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ ներկայացնել վարչապետի աշխատակազմ, իսկ մինչեւ 2023 թ. հունիսի 30-ը հաստատել նախագիծը, սակայն բոլոր ժամկետները խախտվել են։ Եվ միայն երեկ հայտնի դարձավ, որ հայեցակարգը տարեվերջին ուղարկվել է աշխատակազմ, պրոցեսներն արագացել են թերեւս այն պատճառով, որ Փաշինյանը որոշել է գնալ արտահերթի։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը երեկ ասուլիս տվեցին։ «Մենք ունենք պատրաստի հայեցակարգ, որի 70 տոկոսը խորհրդի կողմից քննարկվել եւ քվեարկվել է, բայց ունենք մի քանի հայեցակարգային դրույթներ, որոնք քննարկվել են միայն մասնագետ հանձնաժողովի կողմից․․․ հունվարի 15-ից սկսած, մենք շատ ինտենսիվ նիստեր ենք անելու։ Եվ մի քանի ամսում ունենալու ենք վերջնական հայեցակարգ... Խորհրդի կողմից հաստատվելուց հետո կսկսվի հանրային իրազեկման պրոցեդուրան։ Այսինքն՝ հոդված առ հոդված․․․ սկսվելու է գրվել նոր Սահմանադրությունը։ Ժամկետները 2023 -ի համար մի փոքր ուշացրել էինք, բայց տարեվերջին եկել ենք հենց մեր ճիշտ ժամկետներին»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է նոր սահմանադրության հայեցակարգին, ապա մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ պետության կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում, ՀՀ-ն կշարունակի պառլամենտական համակարգով ապրել, փոխարենը հավանության են արժանացել որոշ խնդրահարույց առաջարկներ, որոնք ձեռնտու են նախեւառաջ Նիկոլ Փաշինյանին։ Ասենք՝ արտահերթ ԱԺ ընտրությունների համար հարկավոր չի լինելու վարչապետի հրաժարականը, որին, ըստ գործող Սահմանադրության, հաջորդում է խորհրդարանի լուծարումը, եթե 2 անգամ վարչապետ չի ընտրվում։ 

Փոփոխություններից մեկը խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանն է վերաբերում՝ արտահերթ ընտրությունների գնալիս։ Սրանով Նիկոլ Փաշինյանը թերեւս ուզում է զերծ մնալ այն քննադատություններից, որ հրաժարականից հետո շարունակում է պաշտոնավարել եւ ներազդել ընտրական գործընթացների վրա։ Հայեցակարգում զավեշտալի հիմնավորում է բերվում, թե սրանով մեծացվում է խորհրդարանի դերը` օրենսդիր կառույցին է վերապահվում քաղաքական ճգնաժամի լուծման բանալին, սակայն պարզ է, որ մի կողմից վարչապետը գլուխն ազատում է պատասխանատվությունից՝ խորհրդարանի ուսերին թողնելով ճգնաժամի լուծումը, մյուս կողմից՝ ձերբազատվում է քննադատություններից, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյան պետք է գնա տուն եւ չշարունակի պաշտոնավարել, մինչեւ խորհրդարանը նոր վարչապետ ընտրի։ Ի դեպ, դեռեւս 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր. «…Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։ Սակայն այստեղ կոնտեքստը խիստ տարբերվում է այսօրվա քաղաքական իրավիճակից։ Այդ ժամանակ թեժ քննարկումներ էին ընթանում ԱԺ-ն լուծարելու (այդ ժամանակ ԱԺ-ում մեծամասնություն էր կազմում ՀՀԿ-ն) եւ նոր խորհրդարան ձեւավորելու տարբերակների մասին։ Ի վերջո, 2018 թվականի արտահերթ ընտրությունները տեղի ունեցան առանց Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու։

Նույնկերպ հայեցակարգում կա «ՀՀ նախագահի ինստիտուտի ամրապնդման» մասին գլուխ, սակայն  բովանդակային առումով այն փուչիկ է, եւ մի միլիմետր անգամ չի ընդլայնվում նախագահի լիազորությունների շրջանակը։ Փոխարենը վերջ կդրվի այն դիլեմային, թե ով է ՀՀ-ում գերագույն գլխավոր հրամանատարը, ըստ այդմ՝ ե՛ւ պատերազմական, ե՛ւ խաղաղ իրավիճակում գերագույն հրամանատարը ՀՀ վարչապետն է։ ՔՊ-ականները նոր Սահմանադրության մեջ Գլխավոր շտաբի վերաբերյալ որեւէ կարգավորում չեն ծրագրում, միեւնույն ժամանակ առաջարկվում է Սահմանադրությամբ հստակ սահմանել, որ վարչապետն է Զինված ուժերի հրամանատարը, ինչը ենթադրվում է պատերազմի եւ ոչ պատերազմի ժամանակ։ 

Առաջարկվում է նաեւ վերացնել ԱԺ-ում կայուն «մեծամասնության դրույթը»։ Խոսքը Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի այն կարգավորումների մասին է, որոնց շնորհիվ ընտրություններում առաջին տեղում հայտնված ուժի պատգամավորական մանդատներն այնքան են ավելացվում, մինչեւ այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն, փոխարենը, այսպես կոչված, աբսուրդային այլընտրանքային տարբերակներ են առաջարկվում, որոնցից մեկով՝ եթե չի ձեւավորվում կայուն մեծամասնություն, հետեւաբար՝ կառավարություն, ապա որոշել են կիրառել Երեւանի ավագանու ընտրություններին համանման մոդել եւ որպես վարչապետ ընտրել առավել շատ ձայն ստացած ուժի թեկնածուին: Այլ կերպ ասած՝ հնարավորություն է տրվում ձեւավորել փոքրամասնության կառավարություն։ Սա՝ այն հաշվարկով, որ ՔՊ-ն չի կարողանալու այլեւս 60 եւ ավելի տոկոս ձայն ստանալ: Ակնհայտ է, որ ամեն ինչ հարմարեցվում է իշխող ուժին։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանին, ով խորհրդարանի ինքնալուծարման առաջարկի հեղինակն է, հարցրինք՝ արդյոք դրանով վարչապետին լիազորություն չի՞ տրվում ի պաշտոնե ներազդել ընտրական գործընթացների վրա։ Քոչարյանը ձեւացրեց, թե հարցի իմաստը հասկանալի չէ իրեն, իսկ փոփոխությունն արվել է արհեստական ընթացակարգերից հրաժարվելու նպատակով․ «Առհասարակ, սահմանադրական այս ամբողջ փոփոխությունների իմաստն այն է՝ ունենալ այնպիսի սահմանադրական կարգավորումներ, որոնք զուրկ են թերություններից, երկրորդ՝ առավել արդյունավետ կերպով կարգավորում են համապատասխան հասարակական  հարաբերությունները»: Նա վստահեցրեց նաեւ, որ Սահմանադրության նախաբանից հրաժարվելու հարց ո՛չ հանձնաժողովում, ո՛չ խորհրդում չի քննարկվել․ «Այստեղ խոսքը գնում է ոչ թե Սահմանադրության փոփոխության, այլ սահմանադրական փոփոխությունների մասին, ուստի, իմ կարծիքով, չի կարող հետագայում էլ մտցվել»»։