կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 11:20
Իրավական

Երբ Սահմանադրությունն արգելում է, իսկ օրենքը` նախատեսում

Երբ Սահմանադրությունն արգելում է, իսկ օրենքը` նախատեսում

«Ընդդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքով նախատեսված դրույթներով` մինչև 40 տարեկան անձանց զուտ աշխատավարձերը (ներառյալ` անհատ ձեռներեցների մաքուր եկամուտները) նվազելու են 6.6 – 13%-ով, և կուտակված գումարը նրանք չեն կարողանալու տնօրինել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը:

 

«Օրենքն այնքան անմշակ է, որ նույնիսկ ծանր սոցիալական վիճակում ապրող քաղաքացուն (ով ժամանակին կուտակել է գումար իր հաշվեհամարին) չի ընձեռվում այդ գումարից օգտվելու հնարավորություն (ինչն ակնհայտ հակասահմանադրական է) բավարարելու նվազագույն կենսական պահանջմունքները: Այս և այլ կետերի առնչությամբ ԱԺ պատգամավորները հրավիրել էին արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր օրենքի հետաձգման հարցը և բացթողումների մշակման գործընթացը: Սակայն օրենսդիրում քաղաքական մեծամասնության պատճառով նիստը տապալվեց և պատգամավորները հայտնեցին իրենց պատրաստակամությունը դիմել Սահմանադրական դատարան օրենքը վիճարկելու համար: Պատգամավորները և քաղաքացիները տեսնում են հակասահմանադրական 3 հիմնական կետ. առաջինը վերաբերում է սեփականության իրավունքի ոտնահարմանը. ինչպես պնդում է գործադիրը այդ վճարները հարկեր կամ տուրքեր չեն, սակայն վաստակած գումարից մասհանումը պարտադիր է (Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է քաղաքացու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը):

 

Երկրորդ հակասահմանադրական կետը տարիքային խտրականությունն է. մինչև 74 թիվը ծնված քաղաքացիների համար վճարները կամավոր են, իսկ դրանից հետո ծնվածների համար պարտադիր (մինչդեռ սահմանադրության 14.1 հոդվածը նախատեսում է օրենքի առջև հավասարություն անկախ տարիքից): Երրորդ կետը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սոցիալական լրացուցիչ բեռի կիրառումն է միայն 1974թ.-ից հետո ծնվածների նկատմամբ (սահմանադրության 42-րդ հոդվածը կանխում է քաղաքացու իրավական կարգավիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժը): Քաղաքացիները հայտնում են իրենց աջակցությունը պատգամավորներին` ՍԴ դիմելու համար:

 

 

Նախաձեռնությանն աջակցելուն արդեն իսկ արձագանքել են քաղաքական և հասարակական խմբավորումներ, որոնց հետ համատեղ անցկացվել են քննարկումներ և բողոքի ակցիաներ: Նախաձեռնող խմբի անդամները շնորհակալություն են հայտնում աջակցության համար և հայտնում իրենց պատրաստակամությունը օրենքի հետաձգումը իրականություն դարձնելու աշխատանքները շարունակելու համար»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: