կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 13:10
Հասարակություն

Նախատեսվում է, որ կմոտենանք սուր շնչառական հիվանդությունների համաճարակի շեմին

Նախատեսվում է, որ կմոտենանք սուր շնչառական հիվանդությունների համաճարակի շեմին

Նախորդ շաբաթ սուր շնչառական հիվանդությունների 2354 դեպք է արձանագրվել, և այս ցուցանիշը փաստում է այն մասին, որ Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանը:

Նա նշեց, որ այս տարի սուր շնչառական հիվանդությունների և գրիպի ցուցանիշներն արտասովոր չեն. 2013-ին վարակի դեպքերն ավելի շատ էին: «Առաջիկայում նախատեսվում է, որ մենք կմոտենանք համաճարակի շեմին, ինչը, սակայն, չի նշանակում, որ համաճարակի բռնկում կլինի: Այս պահին սուր շնչառական հիվանդությունների վարակի առումով հանգիստ վիճակ է՝ սեզոնային վարակներ են»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ նրա` սուր շնչառական հիվանդություններն ու գրիպը հնարավոր է ինչ-որ չափով կանխարգելել, եթե կանխավ ինչ-ինչ միջոցառումներ ձեռնարկենք: Ավետիսյանի հավաստմամբ` առաջին հերթին անհրաժեշտ է հաճախ օդափոխել փակ տարածքները, հետո` հագնվել եղանակին համահունչ, լավ սնվել, և եթե կան վարակի նախանշաններ` դիմել բժշկի:

«Անհրաժեշտ է նաև անձնական հիգիենա պահպանել` հաճախ լվանալ ձեռքերը, իսկ հազալիս կամ փռշտալիս ձեռքով չփակել բերանը, այլ` արմունկով կամ անձեռոցիկով, որը հետո փակած վիճակում պետք է դեն նետել: Երբ հազալիս կամ փռշտալիս բերանը փակում ենք ձեռքերով, ափի մեջ վարակի մի շարք միկրոբներ են անցնում, իսկ հետո այդ ձեռքով կպնում ենք մի շարք առարկաների, մարդկանց: Հիգիենան շատ կարևոր է, որպեսզի նաև դու՝ ինքդ, վարակի աղբյուր չդառնաս շրջապատի համար»,- ասաց Ավետիսյանը:

Նա նշեց նաև, որ անհրաժեշտ է, որ գործատուներն ըմբռնումով մոտենան հիվանդ աշխատակիցներին և թույլ չտան նրանց աշխատանքի գնալ, իսկ դպրոցներում և մանկապարտեզներում՝ առավել ևս, պետք է ուշադիր լիւնեն, որպեսզի հիվանդ երեխաները տանը մնան: «Երեխաները չեն հասկանում, որ անհրաժեշտ է հեռու մնալ գրիպով երեխայից, և սկսում են խաղալ նրա հետ, ինչն էլ հաճախ համատարած վարակի աղբյուր է դառնում»,- նշեց Ավետիսյանը: