Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճ է գրանցվում: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Նա նշեց, որ սուր շնչառական հիվանդությունների աճը պայմանավորված է նաև եղանակային կտրուկ փոփոխություններով` վերջին օրերին միանգամից ցրտեց:
Ըստ Ասոյանի` հիվանդությունը, որն այժմ տարածված է, գրիպ չէ: «Ուղղակի շնչառական հիվանդություններ են: Գրիպի դեպքեր չեն գրանցվել: Հիվանդության նախանշաններն են` հազ, կոկորդի ցավ, նաև ջերմություն: Կուզեի հորդորել բոլոր մայրիկներին, որ իրենց հիվանդ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկեն, քանի որ հենց մանկապարտեզներն ու դպրոցներն են հիմնականում հիվանդության տարածողը: Կարծում եմ` իրավիճակը մի փոքր կմեղմվի հոկտեմբերի 23-ից, քանի որ կսկսվեն դպրոցական արձակուրդները»,- ասաց Ասոյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հիվանդությունը տարածվում է օդակաթլային տարբերակով, և ապաքինվելու համար 3-4 օր է պահանջվելու:
Ասոյանի հավաստմամբ` հիվանդանալուց խուսափելը դժվար է, բայց` հնարավոր: «Անհրաժեշտ է հագնվել եղանակին համահունչ, օգտագործել լիմոն, սենյակներն անընդհատ օդափոխել ու ձեռքերը հաճախ լվանալ: Քանի որ հիվանդությունը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ապա սննդակարգը մեծ առումով նշանակություն չունի», -ասաց նա:
Գլխավոր համաճարակաբանի խոսքով` հանրապետությունում, այնուամենայնիվ, համաճարակային իրավիճակ չկա: Ասոյանի հավաստմամբ` Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների պիկ գրանցվում է այն ժամանակ, երբ ՌԴ-ում է հիվանդությունն իր պիկին հասնում: «Երբ ՌԴ-ում սուր շնչառական հիվանդությունների տարածումն իր պիկին է հասնում, դրանից 2-3 շաբաթ անց մեզ մոտ էլ է հիվանդացության թիվն էականորեն ավելանում: Իսկ, առհասարակ, Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների թիվն ավելանում է դեկտեմբեր-փետրվար ամիսներին»,- ասաց նա:
Ասոյանը խորհուրդ տվեց նաև սուր շնչառական հիվանդության նախանշանների դեպքում անպայման այցելել տեղամասային պոլիկլինիկա: