Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքներով` վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճման միտում. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Մշտադիտարկման արդյունքների համաձայն` վարակների աճման միտումը պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։
«Բնակչության ակտիվ դիմելիությունը գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը միաժամանակ նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը: Հանրապետության, հատկապես` Երևանի հիվանդանոցների բաժանմունքներում բուժվող հիվանդների մոտ համապատասխան բուժման արդյունքում առողջացման դրական շարժընթաց է նկատվում: Բաժանմունքներում բուժվող միջին ծանրությամբ հիվանդների վիճակը պայմանավորված է նրանց ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ»,-ասաց տիկին Թորոսյանը եւ հավելեց, որ հոսպիտալացված հիվանդների շրջանում կազմակերպված և իրականացված վիրուսաբանական հետազոտության արդյունքում արձանագրվել են գրիպի ինչպես Ա տեսակի H1N1, H2N3 ենթատեսակները, այնպես էլ Բ տեսակը:
Ըստ Թորոսյանի` ինչպես ցույց են տալիս համաճարակաբանական վերլուծության արդյունքները, գրիպից բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ, հատկապես` խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա), տարեցներ, երեխաներ, հղի կանայք:
Մասնագետը նշեց, որ գրիպի, սուր շնչառական վարակների և դրանց բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ` անհրաժեշտ բժշկական խորհրդատվություն, բուժում և բժշկական ցուցման դեպքում հակավիրուսային պատրաստուկներ անվճար ստանալու համար: