կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-10 14:15
Քաղաքական

Դաշնակցության վարկանիշի համար մի´ անհանգստացեք. Աղվան Վարդանյան

Դաշնակցության վարկանիշի համար մի´ անհանգստացեք. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը հարվածի տակ չդրեց իր հեղինակությունը՝ գնալով ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության, ասաց. «Դաշնակցությունը շարունակում է իր աշխատանքն այնպես, ինչպես արել է ընդդիմություն եղած ժամանակ: Մեզ համար այս կարգավիճակը նոր չէ. մենք եղել ենք արմատական ընդդիմություն, եղել ենք իշխանության մաս, նորից ենք եղել ընդդիմություն, բայց երբեք չենք խուսափել հարցերին հավասարակշռված արդյունք ակնկալող աշխատանքից: Երբեք պոպուլիստ չենք եղել, չենք հավատացել մեկ օրում հարցերը լուծելուն: Մենք փորձել ենք, խնդիրները փաստարկելով, հիմնավորելով, դրանք հայեցակարգի վերածել ու աշխատել: Դաշնակցության վարկանիշի համար խնդրում եմ մի' անհանգստացեք: Այսօր քաղաքական ուժերը բոլորն ունեն խնդիր, որովհետև քաղաքական համակարգը ինքնին վստահություն չի վայելում լայն հասարակության շրջանում, բայց լայն հասարակությանն էլ համեմատության մեջ պետք է նայել»:

Պատգամավորըի խոսքով՝ հենց սկզբից է ասվել, որ, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության գնալով, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնում, շատ հարվածներ է վերցնելու, շատ է թիրախավորվելու:

«Ասել եմ նաև, որ ուրախ կլինեմ, որ մեր նախարարների գործունեությունը լինի մանրադիտակի տակ, որովհետև մենք պատասխանատվությունից երբեք չենք խուսափել: Մենք համարում ենք, որ քաղաքական ուժը կարող է և' ընդդիմություն լինել, և' իշխանության մաս կազմել: Այսօրվա պառլամենտում կամ պառլամենտից դուրս քաղաքական ուժեր կան, նրանց վարքն էլ գիտեք, գործունեությունն էլ գիտեք, նրանց երբեմն ուղղված սլաքներն էլ տեսնում եք անզեն աչքով: Ի՞նչ է, նրանց հանդեպ վստահությունն ավելի մե՞ծ է, ավելի մե՞ծ հեղինակություն ունեն, աշխատելու ավելի մե՞ծ կարողություն ունեն»,- ասաց նա:

Հարցին, թե ընդդիմություն եղած ժամանա՞կ էին ավելի լավը, թե՞ հիմա, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ լավն ենք»:

Ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցությանը, նա նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ՀՅԴ-ն կազմակերպական մեծ աշխատանքներ է տանում մարզային կառույցների հետ, փորձ է արվում ուսումնասիրել, թե որ տարածքներում կան ռեալ թեկնածուներ` ոչ միայն ՀՅԴ-ից:

«Ինձ համար կարևոր է, որ, օրինակ, համայնքապետը լինի սրտացավ, իրազեկ, իր գործառույթներն իրականացնող, համայնքի մասին մտածող մարդ, քան թե անպայման կուսակցական»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով որ երկու խոշոր համայնքներում՝ Վանաձորում ու Գյումրիում, ՀՅԴ-ն կմասնակցի համամասնական ընտրություններին, և հսկայական աշխատանքներ պետք է իրականացվեն:

Պատգամավորի խոսքով՝ արտահերթ նստաշրջանը կավարտվի, ու ամառը կօգտագործվի հենց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու նպատակով: