կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 14:10
Քաղաքական

ՀՅԴ-ն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկության 4 տարբերակ

ՀՅԴ-ն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկության 4 տարբերակ

Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծի փաթեթը:

Ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ նշեց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին, քարոզելու է այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց ՀՅԴ-ի համար սկզբունքային է նաև այն, որ նախագծի քվեարկությունը լինի օրենքի պահանջների խստագույնս պահպանմամբ, որ հանրությունը, քվեարկելով «այո», նաև հավատա ու վստահի քվեարկության արդյունքներին:

Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ-ի համար սկզբունքային է յուրաքանչյուր նախաձեռնություն, որը կբարձրացնի լեգիտիմությունը, այս դեպքում՝ հանրաքվեի արդյունքների լեգիտիմությունը: «Եթե ընտրատեղամասերում խմբակցությունների ներկայացուցիչները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, ցանկացած առաջարկ դառնում է ոչ մի բան: Մենք առաջարկում ենք նույնականացման քարտով քվեարկելու չորս տարբերակ: Անհրաժեշտ է գործիքակազմ:

Առաջինը՝ տեղեկանքի առկայություն, որը հնարավորություն կտա ընտրական հանձնաժողովներում փաստելու, որ նույնականացման քարտով հանրաքվեին մասնակցող անձը նույն անձն է, և այդ տեղեկանքի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք: Երկրորդ տարբերակ՝ կա 9-րդ ձև, որը կարող է տրվել քվեարկողներին: Երրորդ տարբերակ՝ նույնականացման քարտ ունեցողների տվյալները փոխանցվեն ընտրական հանձնաժողովներին, և դա հրապարակվի, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներին պատշաճ վերահսկողություն իրականացնելու: Չորրորդ տարբերակ՝ մատների թանաքոտելը, որը կարող է լուծել կրկնակի քվեարկությունը: Մի ասեք՝ կջնջեն, կմաքրեն, եթե աշխարհի տարբեր երկրներում այդ քայլին են գնում, ինչո՞ւ եք մտածում, որ մենք պետք միշտ գնանք վատագույն սցենարով: Եթե սա բարձրացնում է վստահությունը, եկեք՝ գնանք այդ քայլին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա անդրադարձավ նաև ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի երեկվա ելույթին՝ ասելով, որ նրա ասածները քննարկվող փոփոխության հետ ոչ մի կապ չունեին, մասնավորապես՝ նրա ասածները կապ չունեին խորհրդարանական կառավարման համակարգի հետ:

Ըստ պատգամավորի՝ պառլամենտական կառավարման համակարգը այն մասին է, թե ով է ձևավորում կառավարությունը, նախագահական կառավարման ժամանակ այդ իրավունքը վերապահվում է նախագահին, կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահը, հաշվի առնելով ԱԺ –ում տեղերի հարաբերակցությունը, կազմում է կառավարություն, իսկ խորհրդարանական կառավարման ժամանակ կառավարությունը ձևավորում է խորհրդարանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական հարցերին վերաբերյալ մտահոգությանը, ապա, պատգամավորի խոսքով, թե\' գործող սահմանադրությամբ, թե\' առաջարկվող փոփոխություններով խաղաղության և պատերազմի հարցերի լուծման բացառիկ իրավունքը վերապահված է խորհրդարանին:

«Պետք չէ ահաբեկել, վախեցնել ժողովրդին մի բանով, ինչը չկա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: