կարևոր
3718 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-13 16:44
Հասարակություն

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան նաև ID քարտերով այցելել միմյանց երկրներ համաձայնագրի վավերացումից հետո

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան նաև ID քարտերով այցելել միմյանց երկրներ համաձայնագրի վավերացումից հետո

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներ նույնականացման քարտերով ճանապարհորդելու հնարավորություն ստեղծող համաձայնագիրը դեռևս պետք է վավերացման գործընթաց անցնի, որից հետո միայն այն ուժի մեջ կմտնի:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպանն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրմամբ փաստացի Վրաստանը դառնում է առաջին երկիրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել նույնականացման քարտերի միջոցով, ինչը ինքնին խոսում է հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։

Աշոտ Սմբատյանը հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-վրացական հարաբերությունների մակարդակին, Երևանում հունվարի 12-ին տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

-Պարոն դեսպան, ինչպես կգնահատեք հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Ի՞նչ նոր ձեռքբերումներ կարող եք ներկայացնել, կա՞ն նոր համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք առաջիկայում կյանքի կկոչվեն:

-Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանը տոնում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս 30 տարիների ընթացքում հայ-վրացական հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, սակայն հատկապես վերջին տարիներին նկատվում է փոխադարձ շփումների և քաղաքական երկխոսության աննախադեպ ակտիվացում։ Ընդ որում՝ խոսքը վերաբերում է ինչպես երկու երկրների կառավարությունների ղեկավարների, այնպես տարբեր առանցքային գերատեսչությունների միջև համագործակցությանը։ Ակտիվ շփումներ են հաստատվել նաև երկու երկրների խորհրդարանների միջև, նախորդ տարի տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Թբիլիսի, որի շրջանակներում համագործակցության հուշագրեր ստորագրվեցին Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների և մշակույթի հանձնաժողովների միջև։

Ինչ վերաբերում է համատեղ նախաձեռնություններին, ապա երկու երկրների կառավարությունների ուշադրության կենտրոնում են համագործակցությունը առևտրի, բոլոր տեսակի ենթակառուցվածքների ընդլայնման, զբոսաշրջության, ապակենտրոնացված կապերի խորացման, կրթության ու մշակույթի և բազմաթիվ այլ ուղղություններով, որոնց կյանքի կոչման համար անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքների իրականացումը։

-Հունվարի 12-ին Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը երկու երկրների ղեկավարների գլխավորությամբ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Ինչպես կգնահատեք նիստի արդյունքները:

-Ինչպես գիտեք ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները երկար դադարից հետո վերսկսվեցին 2019թ-ին, ինչը ինքնին չափազանց կարևոր էր, քանի որ հանձնաժողովի նիստերի անցկացումը լավագույն հարթակն է երկկողմ գրեթե ամբողջ օրակարգում առկա հարցերի քննարկման, կատարված աշխատանքների ամփոփման և առաջիկա անելիքների արձանագրման համար։ 2021թ-ից հանձնաժողովը նախագահում են Հայաստանի և Վրաստանի վարչապետները, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչ կարևորություն են տալիս կողմերն այս հանձնաժողովի աշխատանքներին։

Հունվարի 12-ին տեղի ունեցած նիստի օրակարգը ևս չափազանց ընդգրկուն էր, այն ներառում էր երկկողմ համագործակցության գրեթե բոլոր ուղղությունները։ Նիստի արդյունքում երկու երկրների վարչապետների կողմից ստորագրվեց համապատասխան Արձանագրությունը, որն էլ պետք է ուղենիշ հանդիսանա երկու երկրների պետական գերատեսչությունների համար՝ իրենց առաջիկա աշխատանքների իրականացման համար։

-Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր, ինչը ենթադրում է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև նույնականացման քարտերով: Ինչպես եք գնահատում սա և որքանով համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

-Շատ կարևորում եմ «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրումը, որը հնարավորություն է ստեղծում երկու երկրների քաղաքացիների համար միմյանց երկրներ նույնականացման քարտերով ճանապարհորդելու համար։ Նպատակը շատ պարզ է՝ հնարավորինս դյուրացնել Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար միմյանց երկրներ այցելությունները, նպաստել հասարակությունների միջև ուղղակի շփումների առավել ամրապնդմանը։ Նշեմ, որ համաձայնագիրը դեռևս պետք է վավերացման գործընթաց անցնի, որից հետո արդեն այն ուժի մեջ կմտնի։

Կցանկանայի հատուկ ընդգծել, որ համաձայնագրի ստորագրմամբ փաստացի Վրաստանը դառնում է առաջին երկիրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել նույնականացման քարտերի միջոցով, ինչը, կարծում եմ, ինքնին խոսում է հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։