կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-11 12:18
Քաղաքական

Ընտրական իրավունքը կիրացվի նաև նույնականացման քարտերով. օրինագիծն ընդունվեց

Ընտրական իրավունքը կիրացվի նաև նույնականացման քարտերով. օրինագիծն ընդունվեց

Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը: Նիստի երկրորդ օրը քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք օրինագծեր:

Քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական նպաստի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ձայների՝ 97 կողմ, 12 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց:

Խորհրդարանը երկրորդ ընթեցմամբ՝ ձայների՝ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքը կարող են իրացնել նաև նույնականացման քարտերի միջոցով:

Օրենսդիրը ձայների՝ 67 կողմ, 25 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց դատախազների աշխատավարձը բարձրացնելու մասին որոշման նախագիծը:

Քվեարկության դրվեց նաև կառավարության կողմից ներկայացված՝ «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԿԲ նախագահի տեղակալի հաստիքը ավելացնել ևս մեկով:

Քվեարկությունից առաջ ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ասաց, թե երեկ իր կողմից հնչեցված բազմաթիվ հարցադրումներին ի պատասխանը, թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու նոր տեղակալը, ԿԲ նախագահը կոնկրետ թիվ չնշելով, ասել էր, որ այնքան որքան տեղակալը:

«Երեկ ԿԲ նախագահի տեղակալը մամուլին հայտարարել էր, որ ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ, և ես կարծում եմ, որ նման հաստիք առաջացնելը չափազանց վտանգավոր է նման ճգնաժամային պայրագայում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԿԲ նախագահի տեղակալը ստել է` ասելով, թե ստանում է 1 միլիոն 300 հազար դրամ աշխատավարձ: Իրականում, ըստ Ուրիխանյանի, ԿԲ նախագահի տեղակալը ստանում է 2 միլիոն դրամ աշխատավարձ: Պատգամավորը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին, սակայն այն ձայների՝ 68 կողմ, 5 դեմ և 31 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց: