կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-21 15:47
Քաղաքական

Իշխանությունն ընտրողների ցուցակը հրապարակելու փոխարեն այլ տարբերակ է առաջարկում

Իշխանությունն ընտրողների ցուցակը հրապարակելու փոխարեն այլ տարբերակ է առաջարկում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԸՕ նախագծի խորհրդարանական լսումների արդյունքներին: Խոսելով ընդդիմության միասնական պահանջի մասին՝ այն է` քվեարկած մարդկանց ցուցակների հրապարակում, նա նշեց, որ ՍԴ որոշմամբ դա մարդու իրավունքների խախտում է, որ իշխանություններն այդ ցուցակների հրապարակման փոխարեն այլ վերահսկողական գործիքներ են առաջարկում:

Բաղդասարյանի խոսքով՝ քվեարկողների ցուցակը հրապարակել` նշանակում է մարդկանց, առավել ևս` չինովնիկներին ստիպել, որ պարտադիր գնան քվեարկության, հակառակ դեպքում` նրանց նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Սակայն քվեարկել-չքվեարկելը մարդու ազատ կամքի արտահայտումն է, և չի կարելի, ցուցակ հրապարակելով, բացահայտել՝ տվյալ մարդը գնացե՞լ է քվեարկության, թե՞ ոչ:

Պատգամավորը նշեց, որ ցուցակ հրապարակելու փոխարեն ընտրությունից անմիջապես հետո յուրաքանչյուր վստահված անձ և դիտորդ կարող է դիմում գրել, պահանջել ցանկացած ընտրատեղամասի ցուցակը և, առանց լուսանկարահանելու, նշումներ կատարել:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ իշխանությունը պատրաստ է ցանկացած ձևաչափով ընդդիմության հետ քննարկել ԸՕ նախագիծը: Իշխանությունը համաձայն է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը, մնում է գտնել ձևաչափը, տեխնիկական ու ֆինանսական միջոցները:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ-ի համար ԸՕ նախագծով չի դժվարանում ձայներ հավաքելը, նա պատասխանեց. «Մենք ձայներ չենք հավաքում, մեզ ձայներ տալիս են»: