Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատարանի որոշումը՝ հետաձգել դատական նիստը, անհիմն էր. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած բողոքի քննության հետաձգմանը:
«Դիմող կողմի միջնորդությունը դատարանն անհիմն մերժեց, որովհետև պատճառաբանեց, թե աշխատանքային օրը մոտենում է ավարտին, նյութերն էլ չեն ստացվել, և որպեսզի բողոքի արդյունավետ իրականացում տեղի ունենա, դատարանը որոշեց նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 6-ը: Առանց ներկայացված նյութերի՝ հնարավոր չէ ներկայացնել բողոքի արդյունավետ քննարկում, բայց մինչև բուն քննարկմանն անդրադառնալը անհրաժեշտ է լսել բողոքի բովանդակությունը: Քառասուն րոպեն բավական ժամանակահատված էր, որ ես կարողանայի ներկայացնել բողոքի բովանդակությունը, և ողջամիտ օգտագործեինք մեր ժամանակը, ուստի գտնում ենք, որ դատարանն անհիմն կերպով մերժեց այդ որոշումը»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեք կուսակցությունների ներկայացրած բողոքների քննության դատական նիստը նշանակված էր ժամը 17:00-ին, սակայն նիստի ժամանակ դատավորը հայտարարեց, որ աշխատանքային ժամի ավարտի պատճառով չի հասցնի ծանոթանալ բողոքին:
Դեռևս հունիսի 30-ին «Հայրենիք»-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործի հարուցումը։ Դրանից հետո քրգործի հարուցումը մերժել էր նաև դատախազությունը, ինչին հաջորդել էր կուսակցությունների ներկայացուցիչների բողոքն առաջին ատյանի դատարան։
«Դատախազությունը, փաստորեն, նույն կերպ վարվեց, ինչպես ՀՔԾ-ն: Սա խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունն, ըստ էության, պատվեր է իջեցնում վերևից, և իրավական համակարգը հլու-հնազանդ կատարում է այդ պատվերը»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե չի՞ բացառում, որ դատարանի վրա էլ ճնշումներ կգործադրվեն, Մինասյանը պատասխանեց.
«Ոչ միայն չենք բացառում, այլև հստակ տեսնում ենք այդ ուղղորդումը, բայց մենք՝ իբրև իրավական պետությունը հարգող քաղաքական ուժեր, ուզում ենք իրավական ճանապարհն ամբողջությամբ իրացված համարել: Սրանք բոլորը փաստեր են, հաստատագրվող ապացույցներ են, որ վաղն իշխանափոխությունից հետո մարդիկ պետք է պատասխանատվության առաջ կանգնեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: