Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ անց ՀՀ Քննչական կոմիտեն մոտավորապես այսպիսի մի տեքստ երևի կհրապարակի, որը ենթադրաբար գրվել է վարչապետի կամ արդարադատության նախարարի աշխատասենյակում։
ՀՀ ԲԴԽ նախագահի կողմից ՀՀ ՔԿ նախագահին հասցեագրված առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր են ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, դատավոր Էդգար Հովհաննիսյանի հասցեին առկա են անձին և պաշտոնայի գործունեությանն առնչվող վիրավորական արտահայտություններ ու որակումներ։ Դատավորը խիստ սրտնեղել է։
ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Հ.-ն (դա ես եմ ) իր կողմից օգտագործվող «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջով՝ հանրությանը հասանելի ռեժիմով կատարել է հրապարակում, որն էլ իր հերթին շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր՝ «Իշխանության պատվեր կատարած և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավորը» ձևակերպմամբ՝ կից տեղադրելով դատավոր Էդգար Հովհաննիսյանի լուսանկարը։
Ն.Հ.-ն վիրավորական մի շարք արտահայտություններ է օգտագործել դատավորի հասցեին՝ կասկածի տակ դնելով Էդգար Հովհաննիսյանի արդարադատությունը, մարդկային բարձր արժանիքները, քրիստոնեական վայելչակազմությունը, խոնարհությունը և ամենակարևորը՝ տղամարդկային վարքագիծը։ Չէ՞ որ տվյալ դատավորը ամենաարդար դատավորն է աշխարհում և ամենևին չի վախենում իշխանությունից, չի կատարում իշխանության ուղիղ հրահանգները, մարտի 27-ին որևէ մեկը նրան ցուցում չի տվել, ու նա երբեք պատերի տակ Նիկոլ Փաշինյանի մասին վատ-վատ բաներ չի խոսում։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ն.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Եվս մեկ ծանուցում․ Վարչապետին զեկուցվել է, որ պատվերը կատարված է, Հոխիկյանի նկատմամբ քաղաքական շանտաժը գործի է դրված։ Բայց այս մարդը վախեցող չի, հետ կանգնող չի։ Վարչապետին զեկուցվել է, որ իզուր տեղը մատը մտցնում ենք մեղուների բույնը։ Վաղը վարչապետը կհեռանա երկրից կամ կդատվի, բայց էս կատարածու չինովնիկները ընկնելու են նոր եկած ազգային իշխանությունների օրինական հարվածի տակ, ու այդ ժամանակ էլ ոչինչ չի փրկի նրանց ժողովրդի ու ազգային պետության դատաստանից։
Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ