Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանությունը վերապրած Հայկ Վարդանյանը պատմել է Խարբերդի ևՄեզրեի հայ բնակչության տեղահանության մասին: նա նշել է, որ 19-20 տարեկաններին կանչում էին, արձանագրություն կազմում և ուղարկում դաշտերում կամ հանքերում աշխատելու: Բանտարկյալները սոսկալի պատիժների են ենթարկվել «իրենց կուսակցական ընկերներին մատնելու և գաղտնիքները հայտնելու» համար: Ժողովուրդն անգիտակցորեն գնում էր դեպի մեծ ծուղակը:
Հայկ Վարդանեան, վանեցի, Մեզիրէի գերման վարժապետանոցի սաներէն, 21 տարեկան:
1915-ի փետրուարի 4, Հինգշաբթի առաւօտուն ժամը 10-ին 4 վանեցիներս տեսուչին սենեակը կանչուեցանք: Տեսուչը յայտնեց մեզի, որ կանչուած ենք զինուորութեան:Հետևեալ օրը մենք պատրաստուած ենք ճամբայ ելլելու:
Վարդանանց տօնի Հինգշաբթին, վեց օրուան տաժանակիր ճամբորդութենէ յետոյ մեզ յանձնեցին Տիգրանակերտի ոստիկանատունը: Յաջորդ առաւօտ ոտիկաններու հսկողութեան տակ կը մեկնինք Պիթլիս:
Պիթլիս ենք, սուինաւոր զինուորներու օղակին մէջ առնուած, զինուորական ատեանին առջև, 17 օրուան տաժանելի ճամբորդութիւնը մոռցանք:
Չարիքը ծայր տուած էր արդէն, հայ զինուորը զինաթափ կ՚ըլլար, պատերազմի դաշտէն ետ կը կանչուէր և աշխատութեան կը ղրկուէր, համոզուելով, թէ հայերը լաւ կռուող չեն, լաւ աշխատող են:
Մինչև այստեղ մեր նշմարած գործողութիւնները Խարբերդի մէջ ալ սկսան գործադրուիլ:
Այլևս չարիքին մեքենան անընդհատ կը դառնար, ձերբակալութիւնները կ՚ընդհանրանային, չնչին պատճառներով ամբողջ մտաւորականութիւնը բանտ կը լեցուէր:
19-20 տարեկանները կը կանչուին, կարձանագրուին և կը ղրկուին զանազան տեղեր հունձքերու աշխատութեան: Բանտարկեալները սոսկալի պատիժներու կենթարկուին «իրենց կուսակցական ընկերները և գաղտնիքները յայտնելու» համար: Ժողովուրդը դէպի լարուած մեծ ծուղակը կը վազէր անգիտակցօրէն:
Այս կերպով անցած էին ապրիլն ու մայիսը, հասած էր յունիս ամիսը: Սարսափը դեռ չէր վերկացած, ահա նոր յայտարարութիւն` Խարբերդի հայութիւնը Ուրֆա պիտի փոխադրուին: Յունիսի սկիզբներն էր, աշխատանքի զինուորները հետզհետէ կը հաւաքէին և կը լեցընէին «Կարմիր Ղոնախ» ըսուծ շէնքը և կը բանտարկէին: Լուրը կայծակի արագութեամբ տարածուեցաւ: Արդէն երկրորդ օրը անոնց թիւը հասած էր 1500-ի: Ճամբայ հանուեցան դէպի Տիգրանակերտ: Կը տանէին 4-ական իրարու թոկով կապուած…
Յուլիս երեքը անցած էր, Մեզրէի ժողովուրդը ծովի ալիքներու նման թափուած էր սպանդանոցի ճանապարհը:
Ամէնասարսռալի պատմութիւններ տեղահանուածներու արական սեռի բաժանման և սպանութեան, կանանց և աղջիկներու բռնաբարում և լլկում…
Հասած էին աշնան ամիսները: Օրուան մէկը յանկարծ ամայացած փողոցները դուրս կը բերուին թմբուկ և մունետիկ, ներում կը հռչակուի բողոքականներու և կաթոլիկներու:
Երկար ատեն լոյսէն զրկուած ժողովուրդը, վստահելով ներման յայտարարութեան, թագստոցներէն դուրս թափեցաւ: Խաղաղ կարծուած օր մը իրիկուան ժամը 2-ին կը պաշարուի շուկան զինուորներով և ոստիկաններով և ժողովուրդը կը քշուի դէպի ոստիկանատուն: Շուկայէն յետոյ կարգը եկաւ տուներու և սկսաւ դռներու խորտակում: Մնացորդները ամբողջութեամբ հաւաքուած են ոստիկանատան բակը, երկու սեռերը իրարմէ բաժնուած և խստիւ արգիլուած յարաբերութիւնները:
Այդ օրը ես ալ շուկան կը գտնուէի: Կարելի չէ նկարագրել գոյութիւն ունեցող տեսարանը…
Գիշերը՝ մօտ ժամը 12-ին թուով 52 տղամարդիկ ոստիկանատունէն կը տարուինք կեդ. Բանտ: Յաջորդ օրը պահակի մը 5 ղրշ. տալով, երկտող մը կը ղրկեմ գերման միսիոնարութեան:
Ամերիկացի միսիոնարները եկան և իրենց մարդիկը տարին: Քիչ յետոյ գերման միսիոնարուհիներ եկան և զիս տարին: Նոյն միջոցին, հետզհետէ բանտը կը լեցընէին գիւղերէն նոր հաւաքուածներով: Ամբողջացնելէ յետոյ, նորէն ժողովուրդը քշեցին դէպի անյայտութիւն:
Զինուորական տարիքի մէջ էինք 8 ընկերներ: Ուշ կամ կանուխ՝ մեզի պիտի առնէին: Բարւօք համարեցինք փախչիլ: Տերսիմցի քիւրտի մը 40 ոսկի տալով, անցանք Տերսիմ՝ Աղզօնիկ գիւղը, ուր ախոռի մը մէջ ապրեցանք մինչև գարուն: Ռուսական բանակի առաջխաղալու ատեն, երբ Երիզա գրաւուեցաւ, անցանք այնտեղ:
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 467, թթ. 12-21, բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 273-278: