Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անհայտ հեղինակը պատմել է Կարինի գավառի Բասենի գավառակի ԽորասանիՅաղան գյուղում հայ զինվորների կոտորածների մասին: Նա նշել է, որ երբ գյուղ են մտել, ոչ մի բնակիչ չեն տեսել, տները վառված են եղել, իսկ փողոցներում լիքը անկողին ու կահ-կարասի կար այս ու այն կողմ նետած: Չեթենները սպանել 40 հայ զինվորի, այնուհետև սկսել խուզարկել խորդանոցները՝ ասելով. «Պետք է սպանենք բոլորին, լավ փնտրեցեք, հազիվ ջարդելու հրաման ենք ստացել»:
«Բժշկական դեղեր բեռցուած դրաստներու հետ Բասենի Եաղան գիւղ իջայ 1914 նոյեմ. 2-ին: Ո՛չ մի բնակիչ չկար: Տուներէն ոմանք վառուած էին, իսկ ընդհանրապէս տուներէն դուրս, ցիրուցան, փողոցների մէջ նետուած էին անկողիններ և տան վերաբերեալ ամէն տեսակ կահ-կարասիներ: Ո՞ւր երթանք,-հարցուցի ընկերոջս: Խօ որոշեալ տեղ չունենք, ուր որ յարմար գտնանք, հոն իջնանք, ըսաւ: Երբ դուռներէն կ՚անցնէինք, զինուոր մը ձեռքի շարժումով հրաւիրեց մեզ: Ան Ստեփանի հայրենակիցն էր: Ստեփան լաւ համարեց անոր քով իջնալը:
Երեկոյ է, արևը մայր մտնելու մօտ, ութը օրուան անօթութենէն ուժասպառ եղած ենք, պէտք է փորերնիս կշտացնելու ճար նայինք: Ստեփանը այդ բանի մասին կը խորհէր, զինուոր Իսմայիլը շուտ հասկցաւ անոր միտքը և ըսաւ. «Ես այնչափ ուտելիք գտած եմ, որ կը բաւականանայ հարիւր զինուորի»: Բացաւ մեծ հորի մը բերանը, որուն մէջ լեցուն հաւկիթի, իւղի, պանիրի ամաններ կային: Ստեփանը գաղտնի փսփսաց ականջիս. «Վարժապե՛տ, ասոնք հայերու ապրանքներն են, բայց ո՞ւր են ասոնց տէրերը»:
Յանկարծ հրացանի ձայներ գոռալ սկսան: Շուտ մը դուրս թռաւ Իսմայէլը գործի եղելութիւնը հասկնալու: Հրացաններու ձայները երթալով կը շատնային: Անհամբեր կը սպասենք, բայց Իսմայէլը չկայ: Ստեփանն այնքան յոգներ է, որ եթէ աշխարհն ալ աւերուի, դուրս ելլելու ջանք չընէր: Կամաց-կամաց դրան մօտեցայ, Իսմայէլը դրան առջև կանգնած` գլուխի շարժումով գաղտնի կը հայհոյէր: Դրան ճեղքէն մեղմ ձայնով Իսմայէլ կանչեցի, ան լսելուն պէս խենթի նման եկաւ և «Նե՛րս գնա, պահուի՛ր» ըսաւ: Իսմայէլը ներս մտաւ, զիս և Ստեփանը աճապարանօք տարաւ ոչխարի գոմ մտցուց և ինք նորէն դրան քով ելաւ և կրկին մեզի դարձաւ: Մի՛ վախնաք, ըսաւ, քանի որ իմ հոգին ողջ է, ես ձեզ կը պահպանեմ: Չէթէները սկսան քրիստոնեայ զինուորներ ջարդել, իմ աչքիս առջև քառասուն հոգի զարկին, անոր համար ես ձեզ պահեցի:
Քիչ մը վերջ, գոմի տանիքէն ահագին բազմութիւն մը, բարձրաձայն խոսակցելով անցած պահուն որոշակիօրէն լսուեցան անոնց խօսքերը. «Այլևս հայ չմնաց, բոլորը ջարդեցինք: Ո՛չ, դեռ յարդանոցներուն մէջ պահուածներ շատ կան, լա՛ւ փնտռեցէք, հազիւ ջարդելու հրաման եղած է»: Մենք բոլորովին մոռցանք մեր ութօրեայ անօթութիւնը և Ստեփանն սկսաւ քիչ մը լսելի ձայնով աղօթել. «Տէ՜ր, ազատեա՜ և հաւատով խոստովանիմ»:
Մութը բաւական կոխեր է և դեռ անկիւններէն դուրս կը հանեն և կը գնդակահարեն: Ահ ու սարսափը պատեր է մեզ երկուքիս ալ, հրացան չկայ, որ գէթ դիմադրութեամբ մեռնինք: Մեր փրկութիւնը միայն Աստուծոյ թողած էինք: Իսմայէլը մեզ ապահովցնելէ վերջ հազիւ կրցանք մէյ մէկ պատառ բաղարջ ուտել: Սաստիկ յոգնած էի, մէյ մը աչքս կը գոցէի, յանկարծ վեր կը ցատկէի: Մինչև լոյս այդպէս անհանգիստ մնացի: Առաւօտուն ուղղակի բանակ գացինք և բժիշկ Լևոնին խօսեցանք եղելութիւնը: Ան ուրախ եղաւ մեր ողջ ազատուելուն»:
1916 թ.
ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 482, թթ. 8 և շրջ., բնագիր, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 92-94: