կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-12 17:16
Առանց Կատեգորիա

Ինչ է Արա Աբրահամյանի միջոցով Հայաստանում «հետախուզում» Պուտինը

Ինչ է Արա Աբրահամյանի միջոցով Հայաստանում «հետախուզում» Պուտինը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ: Գնահատելով միության դերը «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման» գործում` Պուտինն ընդգծել է, որ այն ներկայացնում է աշխարհի ամենամեծ` մոտ 3 մլն մարդ ներառող հայկական համայնքը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ ՌՀՄ-ի նկատմամբ նախագահ Պուտինի առանձնահատուկ վերաբերմունքը: Դա պայմանավորված չէ միայն նրանով, որ Հայերի միությունը և, ընդհանուր առմամբ, ռուսաստանահայությունը մշտապես աջակցել են Պուտինին նախագահական ընտրություններում: Կարևոր գործոն է նաև այն, որ ՌՀՄ-ն վերածվել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական և սոցիալական կախվածությունը մարմնավորող օրգանիզմի, որը, իբրև այդպիսին, նաև դարձել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ներազդելու յուրօրինակ գործիք: Պատահական չէ, որ Պուտինն իր ուղերձում հատուկ շեշտում է ՌՀՄ-ի` 3 մլն-ի հասնող հայկական համայնքը ներկայացնելու հանգամանքը:

Դեռ 2012թ. նախագահական ընտրությունների ընտրարշավի շրջանում մի հավաքի ժամանակ Պուտինը, արձագանքելով այս կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի դիտարկմանը, թե 2.5 մլն ռուսաստանահայությունը պաշտպանում է նրա թեկնածությունը, հեգնել էր, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Ըստ էության` երկու դեպքում էլ նա հասկացնում է, որ ռուսաստանահայերը և Հայաստանն այդ ամոթալի իրականությունից, իսկ ՌՀՄ-ն` այդ իրականությամբ պայմանավորված, Կրեմլի պոտենցիալ գործիքը կամ լծակը լինելու իրողությունից փախչելու տեղ չունեն:

Այս ֆոնին Պուտինը վերջին շրջանում ընդգծված կերպով մեծացնում է Արա Աբրահամյանի դերակատարությունը: Հունիսին ՌԴ նախագահը նրան նշանակեց նախ` նոր ձևավորվող Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ, ապա նաև` Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմն ու Սևաստոպոլը՝ Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ: Իսկ սեպտեմբերին Պուտինը Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին, պարգևատրեց Բարեկամության մեդալով:

Աբրահամյան ֆիգուրի առաջմղման այս դրսևորումները տեղի են ունենում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի ֆոնին, որը թե\' հայաստանյան իշխանությունների և թե\' Մոսկվայի կողմից դիտարկվում է Հայաստանի ապագա իշխանության ձևավորման ֆորմատի, սկզբունքների և մեխանիզմների համատեքստում: Մի քանի օր առաջ ՌՀՄ 5-րդ համագումարի ժամանակ Արա Աբրահամյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու և 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա տեղեկացրել էր, որ 100-ից ավելի փորձագետներ սկսել են կուսակցության ծրագրի մշակման աշխատանքները, և մինչև 2016թ. մարտը խորհրդակցություններ են կայանալու թե\' ՌԴ-ում, թե\' Հայաստանում և թե\' Սփյուռքում:

Դժվար է ասել` որքանով է Աբրահամյանի այս նախաձեռնությունը պայմանավորված ՌԴ իշխանությունների ցանկություններով: Մի կողմից չի բացառվում, որ սա նրա անձնական նախաձեռնությունն է: Տեղեկատվական խայծ նետելով ասպարեզ` փորձում է հասկանալ` որքանո՞վ կարող է օգտագործել իր նկատմամբ Կրեմլի այդ առանձնահատուկ վերաբերմունքի քաղաքական կապիտալը Հայաստանում իշխանության գալու համար, և ի՞նչ վերաբերմունք կարող է հարուցել նման հնարավորությունը հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթում: Մյուս կողմից` չի բացառվում, որ Աբրահամյանի նախաձեռնությունը թելադրված է հենց Կրեմլից` ոչ այնքան գուցե Հայաստանում Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը ուղնուծուծով ռուսահպատակ և գերվստահելի Աբրահամյանին փոխանցելու հող նախապատրաստելու նպատակով, որքան հասկանալու, թե սահմանադրական այս փոփոխությունների նախաձեռնությունը որքանով է հաշվի առնում ռուսական շահերը իշխանության փոխանցման սխեմաներում, ինչից էլ կախված կարող է լինել այս փոփոխությունների նկատմամբ Մոսկվայի վերջնական դիրքորոշման հստակեցումը:

Բանն այն է, որ հանրաքվեով Սահմանադրության ընդունումից հետո Աբրահամյանը չի կարող առհասարակ հավակնել խորհրդարան մտնելուն, առավել ևս` վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն: Դրա համար նա ոչ միայն ՀՀ քաղաքացի պետք է լիներ, այլև առնվազն 4 տարի մշտապես բնակվեր Հայաստանում: Դժվար է հավատալ, որ այս սահմանափակումների մասին Աբրահամյանը չգիտի կամ նրան չեն տեղեկացրել: Հենց դա է պատճառը, որ այս հայտարարությունն ավելի շատ նման է հետախուզական նպատակներ հետապնդելուն` Մոսկվայի շահագրգռությամբ:

Եթե Աբրահամյանի ակտիվացման նպատակը քաղաքական դաշտում պրոռուսական ուժեղ բևեռի ձևավորումն է` առանց այն էլ այդ դաշտի գերհագեցվածության պայմաններում, ապա դա կարող է իրականացնել միայն միջնորդավորված` տեղական քաղաքական ուժերի միջոցով: Իբրև պոտենցիալ նման ուժ` վերջին շրջանում նշվում է ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» խմբավորումը, որի լիդերը` Արթուր Բաղդասարյանը, ի դեպ, օրերս մեկնել էր Մոսկվա: Բայց եթե նույնիսկ այդպես է, նման խաղադրույք կատարելուց առաջ Աբրահամյանը պետք է շատ երկար մտածի: Խնդիրը միայն օեկածին այս ամորֆ խմբավորման զրոյական հեղինակությունը չէ: Աբրահամյանը Հայաստանի քաղաքական դաշտում միջնորդավորված իրացվելու մեկ անհաջող փորձ կատարել է. 2002թ. խորհրդարանական ընտրություններում նա ֆինանսավորեց ՀՌԱԿ-ի քարոզարշավը, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ հաղթահարել ԱԺ անցնելու` 5 տոկոսանոց արգելքը: Իհարկե, այն ժամանակ Աբրահամյանը չուներ Կրեմլի վստահության այն կապիտալը, որից փորձում է օգտվել հիմա: Բայց, մյուս կողմից, պատմությունը, ինչպես հայտնի է, սիրում է կրկնվել: 

Գևորգ Դարբինյան