կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-19 15:17
Քաղաքական

Արա Աբրահամյանի IQ թեստ չեմ անցկացրել. Հովհաննես Սահակյան

Արա Աբրահամյանի IQ  թեստ չեմ անցկացրել. Հովհաննես Սահակյան

Քանի դեռ հայտնի չէ, թե Արա Աբրահամյանն ինչ պաշտոնի է հավակնում, քաղաքական կուսակցություն բացելու նրա հավակնության համար որևէ խոչընդոտ չկա. այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե չկա՞ն, արդյոք, իրավական խոչընդոտներ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում հավակնի պատգամավորի կամ այլ բարձր պաշտոնի, ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Եվ եթե Արա Աբրահամյանը որոշել է Հայաստանում զբաղվել  քաղաքականությամբ, ապա այդտեղ որևէ խնդիր չկա, քանի որ, պատգամավորի խոսքով, եղել են դեպքեր, երբ որոշ մարդիկ համապետական ընտրություններից  երկու-երեք ամսի առաջ են քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացրել:

Ըստ Հովհաննես Սահակյանի` եթե հանրաքվեով ժողովուրդը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, ապա ունենում ենք խորհրդարանական կառավարման համակարգ, երբ քաղաքականության շարժիչ ուժը դառնում են ոչ թե անհատները, այլ քաղաքական ուժերը: 

«Գուցե պատճառը դա է, որ Արա Աբրահամյանը քաղաքական ուժի միջոցով է ուզում մտնել Հայաստանի ներքաղաքական կյանք: Ես` որպես  իրավական ու ժողովրդավարական պետության ներկայացուցիչ, որպես պատգամավոր ու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ողջունում եմ նրա այդ նախաձեռնությունը: Պարզապես այդ ամենը պետք է լինի օրենքի տրամաբանության, Սահմանադրության շրջանակներում: Նախ` մենք չգիտենք, թե Արա Աբրահամյանն ինչ պաշտոնի է հավակնում քաղաքականության մեջ` պատգամավորի՞, վարչապետի՞, թե՞ այլ պաշտոնի: Ուստի եկեք` երևույթներից առաջ չընկնենք, կանխագուշակումներ չանենք: Մարդը ընդամենը ասել է, որ ցանկանում է Հայաստանում զբաղվել քաղաքականությամբ: Այդտեղ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Դիտարկմանը, որ հայաստանցիները, կարծես, մեծ խանդավառությամբ չընդունեցին ցածր ինտելեկտ ունեցող Արա Աբրահամյանի մուտքը ներհայաստանյան քաղաքականություն, նա պատասխանեց. «Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել,  որովհետև Արա Աբրահամյանի  IQ  թեստ չեմ անցկացրել, որ կարողանամ ինտելեկտի մասին ասել: Ինձ ուղղեք բացառապես քաղաքական շեշտադրումներ ունեցող հարցեր»:

Լրագրողներից մեկ դիտարկմանը, որ հենց Սերժ Սարգսյանն էր ասում, որ քաղաքականությունը կրկես չէ, որ ով երբ ուզենա, մտնի ու դուրս գա, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Եկեք` հին օրերը վերաթարմացնենք: Մենք կրկին այն տեսակետին ենք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն բացառապես քաղաքական  գործիչները, կամ այն մարդիկ, ովքեր ուզում են զբաղվել միայն քաղաքականությամբ: Մի պարզ օրինակ` եթե ԱԺ-ում ուզում ենք ունենալ որակյալ մեծամասնություն, որի առկայության պարագայում միայն կարող ենք անցկացնել այն օրենքները, որոնք 3/5-րդ են պահանջում, այն սահմանադրական մարմինների ղեկավարներին, որոնց մենք պետք է նշանակենք, կամ այն դատական իշխանության անդամներին, ովքեր էլի խորհրդարանի կողմից են նշանակվելու, այդտեղ իսկապես պետք են, չվախենալով էդ բառից, չարքաշ աշխատանք տանող մարդիկ: Նրանք առավոտից իրիկուն պետք է աշխատանք տանեն, եթե այդ մոդելը փորձենք պատկերացնել, շարժիչը լինելու է ԱԺ-ն»: