Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինտենսիվ աշխատանքներ են գնում, ունենք շինթույլտվություն, ունենք ժամկետ և մյուս տարի ամռանը` դեռ ավելի շուտ, կարող ենք ավարտել, որովհետև գրեթե ավարտված են աշխատանքները։ Եթե խոչընդոտներ չլինեն, հաստատ ու հաստատ կավարտվեն աշխատանքները մյուս տարի ամռանը»,- Արամի 3 հասցեում «Սոգլասիե Արմենիա» ընկերության ճանաչողական շրջայցի և բրիֆինգի ընթացքում՝ նվիրված նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի վերակառուցման աշխատանքներին, վստահեցրեց «Սոգլասիե Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Ադոնցը։
«Կարող եմ պատասխանատու հայտարարել, որ այս բազմաֆունկցիոնալ կենտրոնը, որը ներառելու է թե′ առևտրի, թե′ ժամանցի տարածքներ, թե′ բիզնես սեգմենտ, գրեթե պատրաստ է։ Տեղադրված են բոլոր էսկալատորները, վերելակները, ավարտված են հակահրդեհային աշխատանքները։ Եթե չլինեն խոչընդոտներ, որոնց առերեսվում ենք գրեթե ամեն շաբաթ, ապա մեր երևանցիների և Երևանի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը կվերաբացվի մինչև մյուս տարի ամառ»։
Հարցին՝ ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը, Ավետ Ադոնցը պատասխանեց․
«Շինարարական, ճարտարապետական աշխատանքները կապված են բավականին ծավալուն գոտիների հետ, ցանկացած փոփոխություն նախատեսում են ստանալ թույլտվություններ պատկան ատյաններից։ Շինթույլտվությունը տրվում է ինչ-որ ժամկետով, նոր կանոններով շինթույլտվություն ստանալը բավականին թանկ հաճույք է․ խոսքը 10,20, 30 միլիոնի մասին չէ՝ անգամներ ավել, այդ փոփոխություններն էլ պետք է հաստատվեն։ Այսօրվա դրությամբ մեր առևտրական կենտրոնն ավարտական տեսքի բերելու և ավարտական ակտը ստանալու համար մեր ամենամեծ խնդիրը փոփոխությունների հաստատումն է։ Կան այլ քաշքշուկներ, որոնց մենք կանդրադառնանք ավելի ուշ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները մի խումբ կարմիր բերետավորների հետ աջակցել են ընկերությանը պատկանող տարածք ներխուժելը: Պատճառն այն է, որ ոստիկանության աշխատակիցները առանց սերվիտուտի պատշաճ իրավունքի փորձել են ապահովել այլ սեփականատիրոջ իրավունքը՝ Արամի փողոցում շինաշխատանքներ կատարելու համար: Ավելին՝ ոստիկանների կողմից վարչական ձերբակալման են ենթարկվել «Սոգլասիե Արմենիա» ընկերության աշխատակիցները, ովքեր փորձել են թուլ չտալ իրենց ընկերության սեփականություն հանդիսացող, գույքի ոչնչացման վտանգով պայմանավորված, տարածք ապօրինի ներխուժած շինարարական տեխնիկայի գործողությունները:
Տեղի ունեցածը, ոստ ընկերության պատասխանատուների, ունի նախապատմություն: Մյուս՝ ֆիզիկական անձանց պատկանող տարածքի երեք կողմերը, ըստ ՀՀ Կադաստրի կոմիտեի տրված պետական վկայականի, պատկանում են «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, իսկ չորրորդ կողմը մոտ 80սմ լայնություն ունի, որտեղով տեխնիկայի մուտքը հնարավոր չէ: Բացի այդ, խնդրահարույց տարածքով անցնում են քաղաքի համար կարևոր նշանակության կոմունիկացիաներ, ինչպես նաև գազատար խողովակ։
Վիճելի տարածքը, որն այս պահին հատկացվել է այլ ընկերության, նախկինում պատկանել է «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, որտեղ 2012-13թթ տեղադրվել են կոյուղատար և գազատար խողովակներ: Կոյուղատար խողովակը սպասարկում է Հյուսիսային պողոտայում գտնվող մի շարք բնակելի շենքերի և կոմերցիոն տարածքների, որտեղ այս պահին գործում են մի շարք հեղինակավոր, բրենդային խանութներ և հասարակական նշանակության օբյեկտներ:
Ընկերությունն ահազանգում է, որ եթե ապօրինությունը շարունակվի՝ շուտով մայրաքաղաքի Աբովյան և Արամի փողոցները կլցվեն կոյուղատարի պարունակությամբ, որն այս պահին վնասել են մյուս տարածքի սեփականատերերը:
Դեռ հուլիս ամսին «Սոգլասիե Արմենիա» ընկերության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, տարածքը կնքվել է, որը մյուս սեփականատիրոջ կողմից կամայականորեն հեռացվել է, սակայն քննիչը որևէ գործողություն չի իրականացրել՝ պարզելու, թե ինչո՞ւ է խախտվել իր որոշումը: Մի քանի օր առաջ էլ, «Սոգլասիե Արմենիա» ընկերության գույքի վնասմամբ, մյուս սեփականատերերը փորձել են մուտք գործել իրենց տարածք, ինչը կանխվել էր ոստիկանների և մեր աշխատակիցների կողմից:
Այս փաստով ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ տվյալ ընկերությանը շինթույլտվություն է տրվել մոտ 330 քմ տարածքի վրա 7 հարկից բաղկացած շենք կառուցելու համար, այն դեպքում, երբ, հեղինակավոր մի շարք ընկերությունների հետ համատեղ, «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը հարակից տարածքում նույնիսկ 4 հարկից բաղկացած շինության նախագծման թույլտվություն տալը մերժվել է, ինչը պարունակում է երկակի ստանդարտների ռիսկեր:
Ըստ ընկերության տարածած հայտարարության՝ տարածքը դեռևս վիճելի է, քանի որ «Սոգլասիե Արմենիա» ընկերությունն այս տարվա մայիս ամսին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով և 6-րդ հոդվածով, որն ընդունվել է քննության: Այն է՝ արդար դատաքննության իրավունքի և սեփականության իրավունքի խախտում:
ՄԻԵԴ-ն այս պահին քննում է «Սոգլասիե Արմենիա» ընկերության միջնորդությունը՝ գանգատն առաջնահերթության կարգով քննելու վերաբերյալ:
Մանրամասն՝ տեսանյութում։