Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանում տեղի է ունեցել «ԱրմԹեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը, որին մասնակցում էր էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա իր ելույթում կարևորեց ոլորտում Հայաստանի միջազգային բարձր վարկանիշի ապահովումը, ինչին նպաստում են գործընկերների հետ համատեղ կազմակերպվող միջոցառումները:
«Կառավարությունն ապագայում Հայաստանը տեսնում է որպես զարգացած, գիտելիքահեն տնտեսություն ունեցող, տեխնոլոգիական զարգացում ունեցող երկիր: Հիմք ընդունելով ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր նախաձեռնությունները` կառավարությունը կարևորում է վերազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, որոնք հնարավորություն են ընձեռում գիտելիքն արտահանել համաշխարհային շուկա: Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Yerkir.am-ը հարց ուղղեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանին, թե որքանո՞վ են համաժողովները նպաստում ոլորտի զարգացմանը: Կարեն Վարդանյանը կարծիք հայտնեց, որ համաժողովների կազմակերպման ժամանակ տեղի է ունենում կոնսոլիդացիա, մարդիկ սկսում են շփվել միմյանց հետ, ճանաչում միմյանց, վստահությամբ սկսում վերաբերվել իրար, թե\' ժողովուրդն է կոնսոլիդանում բարձր տեխնոլոգիաների շուրջ, թե\' ՏՏ ոլորտի ընկերությունները:
«Հնարավոր է` այս համաժողովները ներդրումներ բերեն: Այս կարգի համաժողովները կազմակերպվում են, որ նպաստեն ոլորտի զարգացմանը, բայց թե ի՞նչ կլինի, դա ոչ ոք չի կարող ասել: Ոչ ոք չի կարող կանխատեսել: Կոնսոլիդացիան և համաժողովները հիմք են»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ բարձր տեխնոլոգիաների խթանման հիմքը դրել է նախորդ վարչապետը` Տիգրան Սարգսյանը:
«Տիգրան Սարգսյանի կառավարությունը ոչինչ էլ չի արել ՏՏ ոլորտի զարգացման համար, միայն խոսել է: Հիմա էլ առանձնապես բան չի արվում: Այո, խրախուսման քայլեր են արվում, բայց կարող են արվել այնպիսի բաներ, որ ոլորտը լուրջ աճի: Օրինակ` բելառուսները այնպես են խրախուսում այդ ոլորտը, որ տարիներ են ունեցել, երբ 100 տոկոս աճ են գրանցել: Մենք ունենք 25 տոկոս աճ»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Նա հույս հայտնեց, որ կառավարությունը կիրականացնի քայլեր. կառավարությանն առաջարկվել է ինժեներական խմբակներ բացել դպրոցներում, որոնք լրացուցիչ 15 հազար աշխատող կտան, հետագայում այդ թիվը կեռապատկվի: Նման խմբակներ պետք է բացել մարզերում, գյուղերում:
«Հիմա սպասում ենք, որ կառավարությունը միանա այդ առաջարկին, որովհետև միայն մեր ուժերով մենք չենք կարող դա իրականացնել»,- ասաց Կարեն Վարդանյանը: