Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ախորժակին քացախ լցվեց և հարցը լուծվեց՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն այսպես մեկնաբանեց 1993-ի այս օրը՝ օգոստոսի 31-ին, թուրքական 3-րդ դաշտային բանակի 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադների առաջ շարժվելը դեպի Գյումրիում տեղակայված ռուսական 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահպանության հատված, ինչպես նաև մարտական պատրաստականության «բարձր մակարդակի» բերվելը ավիացիոն զորամասերը, ի պատասխան Ղուբաթլուում տեղակայված թշնամական ռազմահենակետերը Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուն:
Թուրքական զորքի՝ դեպի Հայաստան շարժին ի պատասխան, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարությունը 127-րդ դիվիզիայի հետ սկսեց հրամանատարաշտաբային զորավարժություններ: Իսկ Իրանը «լրիվ մարտական պատրաստության» բերեց սահմանի երկայնքով տեղաբաշխված իր ռազմական խմբավորումը և մարտագծին հարակից տարածքում անցավ «Մոխանդ» անվամբ արտապլանային զորավարժություններին:
Ալեքսանդր Մանասյանը Ռուսաստանի ու Իրանի կոշտ արձագանքը Թուրքիայի առաջխաղացմանը առավել քան բնական է համարում․ Հայաստանը նրանց համար կարևոր ռազմավարական ազդեցության գոտի է։
«Թուրքիան, իհարկե, գիտեր, որ Ռուսաստանը կարող է կոշտ արտահայտվել, բայց Ռուսաստանն այդ ժամանակ դժվար վիճակում էր և Թուրքիան փորձ էր անում՝ ստուգելու համար արձագանքը։ Միայն թե, Ռուսաստանը դեռ մնում էր խոշոր միջուկային գերտերություն և կարող էր ասել՝ տեղդ նստիր, թե չէ պատասխան կստանաս։ Թուրքիայի ախորժակին քացախ լցվեց և հարցը լուծվեց»,-ասաց նա։
Ավելին, Մանասյանն ընդգծեց, որ 30 տարի տարածաշրջանում խաղաղությունը պահվեց, քանի որ Արցախյան խնդրով համանախագահող երկրների միջև տարածաշրջանում ստեղծվել էր ռազմաքաղաքական հավասարակշռություն․ ԱՄՆ-ը մտել էր Վրաստան, Ռուսատանը Հայաստանում էր։ Այս պարագայում իրադրությունը սրելը վտանգավոր էր թե՛ մեկի, թե՛ մյուսի համար, դրա համար էլ գործընթացը տեղապտույտ էր տալիս, ամեն մեկը սպասում էր հարմար առիթի։ Հարմար առիթը եղավ այն, որ Հայաստանը Ռուսաստանից որոշեց հրաժարվել 2018 թ-ի իշխանափոխությունից հետո։
«Ուրիշ պատասխան չկա այդտեղ։ Երբեմն մեր հայ քաղաքագետները ասում են՝ «ռուս-թուրքական տանդեմ», «Ռուսաստանը դավաճանեց մեզ»․․․ Ռուսաստանի փորձագետներն ասում են՝ դուք եք մեզ դավաճանել, երկիրը տանում էիք Ռուսաստանից, գիտեք, թե մեզ համար ինչ է նշանակում Հայաստանը ռազմավարական առումով, դուք ուզում եք երկիրը տանել մեզնից՝ մեր անմիջական ազդեցության ճանաչված գոտուց։ Ստացվել է այսպես․ Ադրբեջանի դրսում ապրող փորձագետներն էլ ասում են՝ Ալիևը պարտվել է՝ Ռուսաստանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Համարում են, որ դա հաղթանակ չէ»,-ասաց նա։
Պրոֆեսոր Մանասյանն ընդգծեց, որ երբ ասում են՝ «ռուս-թուրքական տանդեմն ընդդեմ Հայաստանի», այդպիսի բան չի կարող լինել․ Հայաստանի դեմ Ռուսաստանը չի կարող դառնալ, մանավանդ եթե Հայաստանը նորմալ քաղաքականություն է վարում։
«Դրանով հանդերձ, որևէ պետություն երաշխավորված չէ, որ կարող է լքել պատմության թատերաբեմը, եթե ինքը սխալ քաղաքականություն է վարում, արտաքին քաղաքականության բնագավառում արկածախնդրության է գնում։ Մերը մոտ է այս բանին, որովհետև հակառուսական այդ ալիքի վրա իշխանությունը՝ 2018 թ-ից սկսած, նրանց հակառուսական վարքը դարձել է գլխավոր»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։
Նա նկատեց, որ վերջերս թեմային ԱԺ-ում անդրադարձավ նաև մեր օլիգարխներից մեկը՝ իմքայլական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․ նա ասաց, որ միջազգային հանրությունը միշտ էլ պահանջել է, որ Արցախի ազատագրված շրջանները հետ տրվեն, և միջազգային հանրությունը, ըստ նրա, ասել է այն, ինչ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
«Ինքը խեղաթյուրում է փաստերը։ Ո՞նց է խեղաթյուրում․ որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ասել է՝ ամեն ինչ ընդհանրապես Ադրբեջանին մնա՝ մարզեր, տարածքներ, ուզում էր ազատվել որպես բալաստից, այ հիմա է երևում, թե Ղարաբաղը Հայաստանի համար ինչ է։ Իսկ ինքն ասում էր՝ բոլոր կողմերի համար ընդունելի տարբերակ է, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազում ինչ-որ մի բարձր կարգավիճակում լինի։ Բայց հետո պարզվեց, որ միջազգային հանրությունն այդպես չի ասում, ինչպես հասկանում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ավելին, հետագայում Սանկտ-Պետերբուրգ, Վիեննա, ձեռք բերվեցին համաձայնություններ, որպեսզի Արցախի սահմանում հետաքննական մեխանիզմներ տեղադրեն, որ տեսնեն՝ ով է առաջինը խախտում հրադադարը, որովհետև կողմերը սպասում էին ինչ-որ իրավիճակի, երբ նրանցից մեկը՝ ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, ձեռք կբերեն այնպիսի առավելություներ, որ կարող են ինքնուրույն քայլեր ձեռնարկել, ինչպես դա այժմ տրամադրեցին մերոնք։ Իսկ այն ժամանակ ընդհակառակը՝ սահմանների ամրագրման հարցն էր օրակարգում, որին դեմ էր Ադրբեջանը, բայց որին կողմ էր միջազգային հանրությունը, որովհետև անընդհատ դիպուկահարները կրակում էին, ոչ խաղաղություն-ոչ պատերազմ կարգավիճակը, որը պայթյունավտանգ էր ձեռնտու չէր ոչ մեկին։ Դրա համար էլ, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, միջազգային հանրությունը հանդուրժում էր։ Եթե միջազգային հանրությունը այլ կարծիքի լիներ, նրանք վաղուց էին Ղարաբաղը տվել Ադրբեջանին և վերջ, բայց այդպես չէին անում»,-բացատրեց Ալեքսանդր Մանասյանը։
Նա նկատեց, որ աշխարհի բոլոր պետությունները գերադասում են խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի անունից, քանի որ դրա մեջ վտանգ են տեսնում նաև իրենց համար։ Պատմական տեսակետից, իհարկե, «պատմության խլուրդը աշխատում է հօգուտ ժողովուրդների ազատ ինքնորոշման», նշեց նա, սակայն տարբեր կոնկրետ իրավիճակներում գրեթե բոլոր տերությունները հանդես են գալիս ի պաշտպանություն տարածքային ամբողջականության, քանի որ դրա խախտման մեջ տեսնում են վտանգ իրենց համար։ Պատահական չէ, որ հռչակելով ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը՝ դա հավասարության մեջ դրեցին տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, որից օգտվում է Ադրբեջանը։ Սա ընդհանուր քաղաքակրթական դիվանագիտական հիմքն է։
Տարածաշրջանները կառավարվում են կոնֆլիկտների միջոցով, ասաց Ալեքսանդր Մանասյանը, կոնֆլիկտը կառավարում են, և դրա միջոցով խառնվում այլ պետությունների գործերին, կոնֆլիկտները կառավարման լծակներ են։ Հայաստանի 30-ամյա խաղաղությունը խոսում է այն մասին, որ որևէ մեկի օգտին որևէ իրավիճակ չէր հասունացել, երբ եկան ՀՀ գործող իշխանությունները և հակառուսական տրամադրություններ ստեղծեցին՝ խախտելով բալանսը և հրահրելով պատերազմ, ինչը Արցախի մեծ մասի կորստի պատճառը դարձավ։
Աննա Բալյան