կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-24 23:22
Հասարակություն

Տավուշի մարզը կազմակերպում է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը

Տավուշի մարզը կազմակերպում է «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը

2017թ. օգոստոսի 26-27-ը Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» խորագիրը կրող գյուղական կենցաղավարության փառատոն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Գարդմանքին՝ հատկապես Չարդախլուին և Տավուշի մարզին բնորոշ գյուղական ավանդույթներն ու աշխատանքները:

Օգոստոսի 26-ին ժամը 11:00-ից սկսած կարող եք մասնակցել փառատոնին: Փառատոնի բացումից անմիջապես հետո, համակարգողների ուղեկցությամբ կամ միջոցառման քարտեզով ուղղորդվելով, կդիտեք և կմասնակցեք գյուղական կյանքին բնորոշ տարբեր աշխատանքների և ավանդական ծիսակարգերի տարբեր բակերում: Դրանցից են՝ մեղր քամելը, հին փայտից տաշտում խմոր հունցելը, փռում հաց, կաթնահունց, գաթա թխելը, դարբնի կողմից ձիու պայտ պատրաստելը, էշի փալան կարելը, խնոցով կարագ հարելը, փայտով կրակի վրա մուրաբա եփելը, բուրդ գզեը, վերմակ, դոշակ կարելը, պարան գործելը, բրդյա գուլպա գործելը, դեղձից հյութ պատրաստելը, չիր պատրաստելը, խոխոփ եփելը, օղի թորելը, ձիավարելը, պարանձգոցի խաղալը, Նուրու-նուրու ավանդական ծիսակարգին մասնակցելը: Կլինեն նաև բազմաթիվ այլ աշխատանքներ և սպորտային մրցումներ: Ամբողջ օրը հագեցած կլինի ազգային երգ ու պարով, իսկ խարույկի շուրջ կլինի արդեն անդադար մինչև ուշ գիշեր:

Առավոտյան նախաճաշից հետո ցանկացողները կարող են մասնակցել դեպի անտառ արշավի, որի ընթացքում հնարավորություն կունենան տեսնելու և ծանոթանալու պատմական Չարդախլուից բերված միակ խաչքարին, վայելելու անտառային հոնի և մոշի քաղցրությունը, ինչպես նաև տեսնելու հարյուրամյա Սոսենին: Հարցերի դեպքում կարող եք գրել համանուն ֆեյսբուքյան էջին`   կամ զանգահարել Հովհաննեսին /093/ 65-55-16 կամ /095/ 20-56-63 հեռախոսահամարներով: