Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ճարտարապետների միջազգային օրն է: Աշխարհում ճարտարապետի միջազգային օրը նշվում է 1985-ից, և այն սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը: Մասնագիտական այս տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը:
Հայաստանում Ճարտարապետի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2014-ին: Yerkir.am-ի զրուցակիցն է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Վերջին շրջանում արված` Երևանի ամենագեղեցիկ կառույցը
Մի տեսակ դժվարանում եմ հիշել գեղեցիկ կառույցները, այն էլ` վերջին շրջանում արված: Ավելին` ես կասեի` առայժմ միջակության մեջ է ամեն ինչ:
Ամենատգեղ կառույցը, որը ոչ մի կերպ չի նայվում
Ամենատգեղը Դալմայի կողքի բնակելի շենքն է: Ախր, շատ տհաճն է, է՜: Տհաճ է, որովհետև ոչ մի զգացմունք չի առաջացնում: Այն ո՛չ գեղագիտական, ո՛չ քաղաքագիտական, ո՛չ ֆունկցիոնալ, ո՛չ էլ էսթետիկ լուծումներ չունի:
Կուզեի` կյանք ստանան արդեն իսկ գոյություն չունեցող կառույցները…
Կուզեի Փակ շուկան նորից տեսնել իր հին ձևով, Երիտասարդական պալատը վերականգնված լիներ, Ամառային կինոթատրոնն ընդգրկվեր հուշարձանների ցանկում, «Ռոսիա» կինոթատրոնն աղավաղումներից զերծ մնար, վերջին խայտառակ որոշումը, Մարզահամերգային համալիրի հետ կապված /թե տեղում հնարավոր է խաղատուն, հյուրանոց, ջրաշխարհ կառուցվի/, չեղյալ համարվեր:
Ճարտարապետության ոլորտում առկա գլխավոր խնդիրը
Մեր ոլորտում ամենամեծ բացն օրենքի բացակայությունն է, ավելի ճիշտ` օրինապահության բացակայությունը: Շատ, թե քիչ, օրենք կա բոլոր ասպարեզնում, բայց այդ օրենքները մեր բնակչության համար չեն գրված, դրանք կարծես մեզ համար չեն գործում: Կուզեի, որպեսզի օրինական դաշտը հստակեցվեր, և օրինախախտը պատժվեր: Իսկ դրա համար պետք է ունենանք անկախ կառավարություն, ինչպես նաև դատական համակարգ, որտեղ հովանավորություն չկա, և խտրականություն կամ ընտրականություն չկա`որ հարցին լուծում տալ, որին` ոչ:
Ինչո՞ւ ճարտարապետը պատասխանատու չէ իր արած գործի համար
Մենք հիմա փորձում ենք օրենքի բացը լրացնել, և հնարավոր է, որ այս տարի ԱԺ շրջանառության մեջ մտնի օրենքի մի նախագիծ` «Ճարտարապետական մասնագիտական գործունեության մասին»: Օրենքի նախագիծը կա, բազմաթիվ քննարկումներ են եղել, և կարծում եմ, որ սկզբնական շրջանի համար սա բավարար է: Այս օրենքով ճարտարապետի պատասխանատվության հարցն էլ կլուծվի, քանի որ այսօր ճարտարապետը պատասխանատու չէ իր արած գործի համար, նա ենթարկվում է պատվիրատուի քմահաճույքներին: Եթե պատասխանատվություն լինի, ճարտարապետը չի ենթարկվի պատվիրատուին, և կլինեն կառույցներ, որոնք նաև ճարտարապետական լուծումներ կունենան:
Կուզեի…
Կուզեի` Երևանը շքեղ շենքերով շրջապատված տեսնել, գրագետ կառույցներով, լավ ու առողջ միջավայրով:
Կարինե Հարությունյան