Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարությանը:
«ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս չի կարելի հանդուրժել միջազգային հանրությանը նետած մարտահրավերը, որովհետև Ադրբեջանն արդեն Հայաստանի հետ գործ չունի. Ադրբեջանն իր վարքով, իր քաղաքական մոտեցումներով ապտակում է միջազգային հանրությանը, Ադրբեջանը ձեռնոց է նետել Մինսկի խմբի համանախագահներին, ԱՄՆ-ի նախագահին, Ֆրանսիայի նախագահին, Ռուսաստանի նախագահին: Սա է իրողությունը: Իհարկե, այս ամենի արդյունքում մենք ենք տուժում: Հանրապետության նախագահը դրա համար էլ ասում է` եթե միջազգային հանրությունը ունակ չէ սաստելու, ապա մենք կարող ենք դառնալ այդ հանրության սաստող, պատժիչ սուրը»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` Հայաստանը ապացուցել է, որ հավատարիմ է մնացել բանակցային գործընթացին, հավատարիմ է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, իր գործընկերների հետ ձեռք բերած բոլոր պայմանավորվածություններին և երբևէ չի փորձել սահմանին իրավիճակը լարել:
«Հակառակ այս ամենին` ադրբեջանական կողմից մենք տեսնում ենք իրավիճակի լարման ու սրման անթաքույց փորձեր, բայց իրավիճակն այլևս նոր որակ է ստացել` պայմանավորված երկու հանգամանքով` առաջին անգամ կիրառվեց մեծ տրամաչափի հրետանի, և սկսեցին գնդակոծել ոչ միայն շփման գիծը, այլև թիկունքը և խաղաղ բնակչությանը»,- նշեց ՀՀԿ-ականը:
Նրա կարծիքով` բոլորովին պատահական չէր այն, որ հայտարարվեց պատժիչ գործողությունների անցնելու մասին: «ՀՀ նախագահն էլ ասաց, որ մենք հետամուտ կլինենք և կպատժենք հրաման տվողներին և շարքային կատարողներին: Սա մեր ազգային արժանապատվության խնդիրն է արդեն և մեր անվտանգության խնդիրը: Այլևս մեզ հետաքրքիր չէ, թե միջազգային հանրությունն ինչպես է վերաբերվում այս ամենին»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա նաև բացառեց լայնածավալ պատերազմական գործողությունների հնարավորությունը: Ըստ պատգամավորի` դա առաջին հերթին չի բխում հենց Ադրբեջանի շահերից, քանի որ նրանք չունեն բավարար ներուժ` հաղթահարելու պատերազմական իրավիճակները: