Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԿԳՆ-ում տեղի ունեցավ «ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի» նախագծի հանրային քննարկումը ՀԿ-ների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ: Մինչ այս նման քննարկում էր կազմակերպվել դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի ժամկետը՝ մինչև 2030 թիվը, պայմանավորված է նրանով, որ կան մի քանի գործընթացներ, որոնց պետք է համահունչ գնալ՝ կայուն զարգացման նպատակների և կրթության զարգացման միջազգային չափանիշներն են: Բացի դրանից, ըստ փոխնախարարի, կրթությունը պլանավորում են առնվազն 10 տարով, իսկ ավելի կարճ գործողությունները լինում է ուղղակի միջոցառումների ծրագիր: «Քննարկումների արդյունքում ունենում ենք առաջարկություններ և դիտողություններ: Անշուշտ, դրանք հաշվի են առնվում, հետևություններ ենք անում, ինչ-որ բան ընդունում ենք, ինչ-որ բան՝ ոչ: Սա քննարկումների գործընթաց է, որն օգնում է, որպեսզի փաստաթուղթն իր ավարտուն տեսքի շատ ավելի լավ վիճակով ներկայացվի»,- ասաց փոխնախարարը:
Իսկ ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա, Սահակյանի կարծիքով, որքան կրթությանը տրամադրվող գումարը շատ լինի, այնքան ավելի լավ կլինի: «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ ֆինանսների վերին սահմանափակում դնելն անհնար է: Որքան գումար լինի, այնքան էլ հնարավոր է ծրագրեր իրագործել: Գիտեք, որ 2018-19թթ. պետությունն անցնում է ծրագրային ֆինանսավորման, այսինքն՝ բյուջեն կազմելիս այսուհետ կներկայացվեն նաև զուգահեռ այլ ծրագրեր: Կրթության զարգացման պետական ծրագրում պետք է ֆիքսենք մի սահման, և դրանից ներքև ֆինանսների նվազում չի կարող լինել: Այս դեպքում մենք կֆիքսենք, որ ՀՆԱ-ի 2 տոկոսից ներքև ֆինանսական նվազում չպետք է լինի»,- ասաց Սահակյանը:
Նա նշեց նաև, որ ծրագրում առաջնահերթություն տրվում է, բնականաբար, կրթության որակին, մատչելիությանն ու արդյունավետությանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ծրագիրը բանաձևային է: Ըստ նրա՝ ծրագրի ժամկետն էլ մի փոքր երկար է: «Կարծում եմ՝ 13 տարին շատ է, լավ կլիներ, որ 5 տարվա ծրագիր լիներ, որովհետև հիմա այնքան արագ են փոփոխություններ տեղի ունենում, որ 5 տարի հետո կրկին փոփոխությունների կարիք է լինելու: Մյուս կողմից` եթե նախարարությունը որոշել է այդ ժամանակահատվածը, ուրեմն իմ պահանջներն էլ են ուրիշ՝ եթե երկար ժամկետ են նախընտրել, պետք է ծրագիրը շատ հավակնոտ լինի: Ես չեմ կարող 13 տարվա համար գրել հասարակ ծրագիր: Եթե այդ տեսանկյունից ենք նայում ծրագրին, ապա այն մի տեսակ շատ բանաձևային է»,- ասաց Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ պետք է գրվեր՝ ինչ իրավիճակ է Հայաստանում, ինչ խնդիրներ ունենք, ինչ ենք ուզում ունենալ և ինչ պետք է անենք այդ ճանապարհն անցնելու համար: Այս ծրագրում, կրթության փորձագետի կարծիքով, չկա իրավիճակի նկարագրում, այսինքն՝ թե այս պահին որոնք են Հայաստանի կրթության խնդիրները:
«Մեր խնդիրներից մեկն այն է, որ մեր ուսուցիչներն ու դասախոսները, այդ թվում` նաև ես՝ որպես դասախոս, հոգնած ենք բարեփոխումներից, փոփոխություններից: Եթե այս ծրագրում գրում ենք՝ պետք է վերապատրաստենք ուսուցիչներին, հոգնած մարդուն եթե վերապատրաստենք, ավելի կհոգնեն: Ուրեմն մեզ պետք են այլ տեսակի մոտեցումներ՝ կրեատիվ, ոչ ստանդարտ, ավելի ոգևորող: Կուզեի, որ ծրագրում գրված լիներ ոչ միայն՝ ինչ ենք անելու, այլ նաև` ինչ չի կարելի անել: Օրինակ` երբ գնում ես բժշկի, և նա դեղ է նշանակում, զուգահեռ ասում է՝ մի' ծխեք, ալկոհոլ չօգտագործեք… Նույնն էլ պետք է այս ծրագրում լինի՝ ինչ չպետք է անենք, որպեսզի մեր արածներն օգուտ տան»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ լավ կլիներ, որ նմանատիպ քննարկումներ կազմակերպվեին նաև ուսուցիչների և դասախոսների հետ:
Կրթության մեկ այլ փորձագետ՝ Անահիտ Բախշյանի խոսքով էլ՝ ծրագրում բաց է թողնված կարևոր մի բան՝ քննադատական մտածողության ձևավորումը: Բացի այդ, ըստ նրա, այս ծրագիրն, այո, ներառականությունն ամրագրում է, սակայն կառավարության որոշմամբ ունենք ներառականության անցնելու ժամանակացույց, որը Երևանի դպրոցները չեն կատարում: «Պետք է Երևանի քաղաքապետարանին հիշեցնել, որ պարտականություն ունի կատարելու և պետք է հետևի օրենքին: Այսինքն՝ մինչև ծրագրին հասնելն էլ ինչ-որ քայլեր են պետք արվեն»,- ասաց Բախշյանը:
Ի պատասխան կրթության փոխնախարարը նշեց, որ քննադատաբար մտածողության հարցն անպայման կընդգրկեն ծրագրում, քանի որ այն, անշուշտ, շատ կարևոր է:
«Օրրան» ՀԿ-ի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի կարծիքով էլ` ծրագրում կան որոշ բացթողումներ, օրինակ` կիրառելիության հարցը, այսինքն՝ երեխան իր ստացած գիտելիքներն ինչպես է կիրառելու: «13 տարի հետո բոլորովին այլ աշխարհում ենք ապրելու, և ծրագիրը պետք է շատ հեռահայաց լինի: Պետք է այլընտրանքային լուծումներ առաջարկվեն, որպեսզի երեխան կարողանա իր ստացած գիտելիքները յուրացնելի: Բացի այդ՝ կարևոր մի բան էլ չկա ծրագրում՝ ստեղծագործական ու վերլուծական մտքի զարգացումը և հոգեկան աշխարհի հավասարակշռությունը: Այս ամենը պետք է հաշվի առնել»,- ասաց Հովհաննիսյանը:
Քննարկումների շարքը կշարունակվի: