Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2023 թ. հուլիսի 27-ի Կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, հաստատեց, որ ՀՀ բոլոր 107 ավագ դպրոցներում գործում են բնագիտական լաբորատորիաներ։ Անդրեասյանը նշեց, որ լաբորատորիաները մի քանի տարի է, որ գործում են և բնագիտական առարկաների ուսուցման որակ են փոխում։ Լաբորատորիաների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2020 թ. փետրվարից:
Չնայած Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը՝ վերջին տարիներին մտահոգիչ են դառնում բնագիտական առարկաների ցուցանիշները. դիմորդների մեծ մասը հավաքում է ցածր կամ ոչ բավարար գնահատականներ։
Որքանով են բնագիտական լաբորատորիաները փոխում կրթության որակը. կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց՝ կրթությունը բարդ երևույթ է, միայն լաբորատորիայով կրթության որակ բարձրացնելը անհնար է, և չկա կրթության մեջ մեկ փոփոխական, որը կարողանա ամբողջ համակարգը փոխել։
Խաչատրյանը չափազանցություն է համարում նաև այն կարծիքները, ըստ որոնց՝ որակյալ կրթություն ունենալու համար պակասում են, օրինակ, մասնագետների աշխատավարձի բարձացումը, շենքի արտաքին տեսքը, լաբորատորիաների գործարկումը և այլն: Զրուցակիցը փաստում է, որ կրթության համակարգում որակի բարձացումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։
«Առանց լաբորատորիաների՝ բնագիտական առարկաների շրջանակում անհնար է ապահովել որակյալ կրթություն, բայց այստեղից չի բխում, որ լաբորատորիաներով կրթությունն ավտոմատ դառնում է որակյալ»,- ընդգծում է կրթության փորձագետը՝ հավելելով, որ լաբորատորիաները որակյալ կրթության համար նախապայման են, բայց ոչ երաշխիք։
Տիգրանուհի Նիկողոսյանը արդեն 14 տարի քիմիա է դասավանդում։ 2020 թ. իրենց դպրոցը ևս ստացել է բնագիտական լաբորատորիաների համար անհրաժեշտ սարքավորումները։ Հարցին՝ բարելավվե՞լ է կրթության որակը լաբորատորիաների գործարկմամբ, Նիկողոսյանը դժվարացավ պատասխանել. «Կկարողանայի պատասխանել, եթե ունենայի ամբողջական նյութատեխնիկական բազա։ Իհարկե, դրական տեղաշարժ կա, բայց լաբորատոր նյութերի պակաս ունենք, հաճախ ինքս եմ որոշ նյութեր ձեռք բերում»։
Նիկողոսյանը պատմում է, որ լաբորատոր փորձերի ժամանակ աշակերտները համեմատաբար ավելի ակտիվ են, աշխույժ, երևում է, որ երեխաները հետաքրքրված են։ Չնայած աշակերտների ակտիվությանն ու իր առարկայի շրջանակում որոշակի դրական տեղաշարժին՝ Տիգրանուհի Նիկողոսյանը նկատում է. «Ինչքան էլ երեխաները հետաքրքվեն, այս շղթան պիտի միափուլ չլինի, շատ կարևոր է, որ կրտսեր դպրոցական տարիքում ևս աշակերտը ներգրավվի այս ամենի մեջ»։
Վերոնշյալի հետ համակարծիք է նաև կրթության փորձագետը. «Եթե երեխան մինչև 9-րդ դասարան քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն չի սովորել, ապա անհնար է, որ 10-րդ դասարանում լաբորատորիա տեսնելով՝ սկսի սովորել»։
Թե՛ կրթության փորձագետը, թե՛ քիմիայի ուսուցչուհին կարևոր են համարում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրություն արթնացնելը վաղ տարիքում։
Աննա Հարությունյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս