կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-29 17:07
Առանց Կատեգորիա

Հանուն պատերազմի եւ հանուն հաղթանակի

Հանուն պատերազմի եւ հանուն հաղթանակի

Սովետական, ավելի ճիշտ` Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սովետական երկրի քաղաքացիները, անկախ մասնագիտությունից, սեռից, կրոնից, մտածելակերպից եւ այլն, ապրում էին մեկ սկզբունքով` «Ամեն ինչ` հանուն պատերազմի» եւ «Ամեն ինչ` հանուն հաղթանակի»: Արդյունքում` սովետական երկիրը հաղթեց, ճիշտ է` հիմա վիճարկվում է այդ հաղթանակի մեջ սովետական երկրի ներդրումը, բայց դա խոսակցության այլ թեմա է: Նույն` Երկրորդ համաշխարհայինի տարիներին սովետական երկրում տեղի էին ունենում նաեւ ուրախ միջոցառումներ` չնայած ռազմաճակատից եկող վատ, ողբերգական լուրերի առատությանը:

Այսինքն` աշխաբադցիները, թբիլիսցիները, իհարկե` երեւանցիները, էլ չենք խոսում տալլինցիների մասին, անգամ պատերազմի ժամանակ փողոցներում ուրախանում էին, տոնում էին, ծիծաղում էին, ժպտում էին, ընդ որում` սա այսպես էր ոչ թե, որովհետեւ մարդ արարածը չի կարող միշտ լացել եւ ողբալ, ոչ թե, որովհետեւ ծիծաղելն ու ուրախանալը մարդուն նույնքան անհրաժեշտ են, որքան, օրինակ, հաց ուտելը, այլ, որովհետեւ դա պետական քաղաքականություն էր:

Այսինքն` պետությունը խնդիր ուներ` ցույց տալու, որ թշնամին, տվյալ պարագայում` ֆաշիստները, չի կարողանում ընկճել իր ժողովրդին, որը շարունակում է ուրախանալ: Պատերազմն, ուրեմն, միայն սահմանի այս ու այն կողմում իրար ուղղված կրակոցները չեն, անգամ` եթե այդ կրակոցները ականանետներից են:

Պատերազմը համընդհանուր հասկացություն է, այն ներառում է ե\'ւ պետական քարոզչությունը, ե\'ւ լրատվամիջոցները, ե\'ւ ժողովրդական հոգեբանությունը, ե\'ւ քաղաքացիական դրսեւորումները, այսինքն` երբ, օրինակ, ռազմաճակատում մենք հաղթում ենք թշնամուն, գրավելով նրա երկու մարտական հենակետը, բայց պարտվում ենք նրան, ենթադրենք, քարոզչական պատերազմում կամ ժողովրդական ինքնազգացողության առումով, կնշանակի, որ մենք չենք հաղթել մեր թշնամուն, համենայն դեպս` մեր հաղթանակն ամբողջական չէ:

Հիմա` Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մոտալուտ տոնը պատրաստվում է նշել, թեև սահմանին լարված է: Թեև մենք ունենք զոհեր, վիրավորներ: Հենց այս վերջին հանգամանքներն էլ հաշվի առնելով` շատերն առաջարկում են քաղաքապետարանին` այս տարի չնշել մայրաքաղաքի տոնը: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ այն նշվեց անցյալ տարի, նախանցյալ տարի, ի՞նչ է, սահմանին կատարյալ հանգստությո՞ւն էր, եւ մեր զինվորներն ու քաղաքացիական անձինք չէի՞ն զոհվում ադրբեջանական կրակոցներից:

Հետեւաբար, ինչո՞ւ պետք չէ նշել մայրաքաղաքի տոնը, եւ ինչո՞ւ պետք չէ այն սովորականից ավելի շքեղ նշել, չէ՞ որ եթե մենք պատերազմական իրավիճակում ենք, ապա ամեն ինչ պետք է անել հանուն պատերազմի եւ հանուն հաղթանակի, իսկ լացով, սգով չեն հաղթում, հաղթում են ուրախությամբ եւ ժպիտով, նաեւ` ուժով, անշուշտ, նախեւառաջ` ուժով:

Պահանջել չեղյալ հայտարարել մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները կարելի է այլ երկու պայմանով` նախ` որ այդ միջոցառումները վերջապես ճաշակով լինեն, ոչ թե` ուղղակի ճոխ, գեղեցիկ, ոչ թե` պաթոսով լի, ոգեւորություն առաջացնեն, ոչ թե տաշի-տմբլ տրամադրություն հաղորդեն, արթնացնեն, ոչ թե տժժացնեն: 

Եվ երկրորդ` այդ հանդիսության հասույթի մի մասը կամ բյուջեի մի մասը ուղղվի սահմանամերձ գյուղերին: Ի վերջո, սահմանամերձ, պատերազմող մեր շրջանների բնակիչներին օգնելը չպետք է անձնական բարի կամքի դրսեւորում լինի, այլ պետական պարտադիր քաղաքականություն:

Հովիկ Աֆյան