Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը գրում է.
«Ակնհայտ է, որ պատերազմը մտնում է երկարատև փուլ։ Նման պատերազմներում պայքարում են ոչ միայն բանակները, այլ նաև հասարակությունները լայն առումով։
Նման պատերազմներում ազգերը պայքարում են իրենց հոգեբանությամբ, ինտելեկտով, մշակույթով, միասնականությամբ, ռեսուրսներով, արդյունավետ մոբիլիզացիայով և այլն։
Ներկա պատերազմի ծանր ընթացքը ակնհայտ մեծ ռեսուրսներ է պահանջում ոչ միայն հաղթանակի, այլ նաև հետագա վերաշինության համար։
Ուստի կարծում եմ, որ հայությունը ճիգերի լարումով պետք է ձեռնամուխ լինի, ուշադրություն, 1 ՄԻԼԻԱՐԴ դոլարի հանգանակմանը առաջիկա երեք ամիսների ընթացքում։
Թվում է թե սա անհնար, սակայն իմ խորին համոզմամբ, բացարձակ իրատեսական գաղափար է։
Եվ այսպիսով, աշխարհում կա մոտ 10 միլիոն հայ։ Եթե այս 10 միլիոնից առնվազն 4 միլիոնը յուրաքանչյուր օր վճարի 2_3 դոլլար (մոտ 1000 դրամ), ապա ամեն օր հնարավոր կլինի հավաքել 10 միլիոնը, իսկ մոտ երեք ամսում 1 միլիարդ դոլլար։ Սրան գումարած խոշոր բարերարների նվիրատվությունները։
1 ՄԻԼԻԱՐԴԸ կլինի իսկապես կարևոր աջակցություն մեր պետությանն ու բանակին։
Ուստի առաջարկում եմ սկսել համահայկական գործընթաց՝
Օրը 1000 դրամ հանուն հաղթանակի կարգախոսով։
Ի՛ գործ....»: