Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.09 |
EUR | ⚊ | € 421.97 |
RUB | ⚊ | ₽ 3.91 |
GBP | ⚊ | £ 501.63 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը շարունակում է զարմանալի արագությամբ աճել: Սեպտեմբերի վերջից ի վեր հակամարտության որոշակի սրացումը՝ հրադադարի խախտումները, զորաշարժերը և կողմերի փոխադարձ մեղադրանքները նորից խորացրել են մտահոգություններն առ այն, որ տարածաշրջանը հայտնվել է նոր պատերազմի շեմին:
2020 թ. պատերազմից հետո Հայաստանի ներկայիս կառավարությունը չի կարողացել հակառակորդի ագրեսիային հակազդելու հստակ մեխանիզմներ ստեղծել և կիրառել։ Փաշինյանի կառավարությունն ավելի շատ զբաղվել է ներքաղաքական պառակտում հրահրելով՝ սեփական իշխանության խարխլված դիրքերի ամրապնդմամբ, իսկ Արցախյան հակամարտության և ՀՀ-ի շուրջ միջազգային բարենպաստ իրադրության ստեղծման խնդիրը մղվել է հետին պլան։
Զարգացումները ցույց տվեցին, որ Արցախի դավադիր հանձնումը՝ հանուն հիպոտեթիկ խաղաղության, բացարձակ անարդյունք էր. թշնամին շարունակում է նոր պահանջներ ներկայացնել, խոշտանգում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու գերեվարված այլ անձանց, կոպտորեն միջամտում ՀՀ ներքին գործերին, ընդհուպ պահանջելով՝ պատժել Արցախի հերոսներին, ամրապնդում է դիրքերը սահմանի երկայնքով՝ զուգահեռ Հայաստանից պահանջելով նոր տարածքներ։ Այստեղից հետևություն, որ իշխանության՝ խաղաղության հասնելու փորձերը ձախողված են։
Փաշինյանի իշխանությունն արդեն բացեիբաց հայտարարում է նոր պատերազմի սպառնալիքի մասին։ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ պայմանագիրը պատրաստ է, սակայն Բաքվի քաղաքական կամքը չեն տեսնում այն ստորագրելու, և վստահ չէ, որ Բաքուն խաղաղության հասնելու նպատակներ ունի։ Իշխանության այս հռետորաբանությունն արդյո՞ք անուղղակի խոստովանություն չէ այն մասին, որ Արցախը և «սահմանագծմամբ» տարածքներ հանձնելը ոչ թե խաղաղություն է բերել, այլ Ադրբեջանին տվել հնարավորություն՝ նոր պատերազմով ավելի հարմար դիրքերից առավել ցավոտ խոցելու Հայաստանին: Կարճ ասած՝ Արցախը զոհաբերվեց հանուն ոչնչի կամ հանուն նոր պատերազմի:
Անդրադառնալով իշխանության «խաղաղության» քաղաքականությանը՝ նշենք մի քանի արգումենտներ, որոնց պայմաններում հազիվ թե խոսք լինի խաղաղության հաստատման մասին, ինչը և արժանանում է հանրության ու փորձագետների քննադատությանը:
Անկայուն բանակցային դիրքորոշում
Հայաստանի ներկայիս իշխանությունը հաճախ փոխում է իր բանակցային դիրքորոշումը, ինչը խաթարում է միջազգային գործընկերների վստահությունը և շահարկվում Ադրբեջանի կողմից: Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում ներկայիս իշխանության ռազմավարությունը դա անվերջանալի զիջումների քաղաքականությունն է, ինչը հանգեցնում է Հայաստանի դիրքերի խարխլմանը: Փաշինյանը մեղադրվում է միակողմանի, հայկական շահերին հակասող պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:
Անորոշություն անվտանգության ոլորտում
Չնայած կառավարությունը հայտարարում է, որ խաղաղություն հաստատելու նպատակ ունի, այդուհաներձ, անվտանգության ապահովման ուղղությամբ քայլերի բացակայությունը կամ հեղհեղուկ իրադրությունը մի կողմից, թշնամու նորանոր պահանջները՝ մյուս կողմից, ամենևին չեն խոսում խաղաղության հաստատման նվազագույն հիմքերի առկայության մասին: Դեռևս շատ հարցեր մնում են չլուծված՝ կապված սահմանների հստակեցման, երկրի պաշտպանության կազմակերպման և բնակչության անվտանգության ապահովման հետ: Սա առաջացնում է հանրային դժգոհություն և մեծ անհանգստություն սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց շրջանում: Այս ամենին գումարվում են նաև Փաշինյանի հերթական դավադիր և մութ նպատակադրումների մասին տարածվող լուրերը ադրբեջանցիների վերաբնակեցման վերաբերյալ: Պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ արդյո՞ք պահանջ կա ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման, Փաշինյանը պատասխանել է, որ Ադրբեջանը ցանկանում է առհասարակ վերացնել ՀՀ-ն, իսկ դա կանխելու միջոցների մասին չի խոսվել։ Այսպիսի հայտարարությունը խոսում է այն մասին, որ Փաշինյանը պատրաստվում է հերթական շանտաժի միջոցով հարյուր հազարավոր ադրբեջանցիների բերել ՀՀ:
Հասարակության կարծիքի անտեսում
Իշխանությունը իր որոշումները կայացնում է առանց լիարժեք քննարկման և հանրության կարծիքը հաշվի առնելու: Խաղաղության հաստատումը և զիջումների գնալը սերտորեն կապված են հանրային ընկալման հետ, սակայն հասարակության և կառավարության միջև վստահության պակասը, հատկապես խաղաղության հաստատման խնդրում, կարող է առաջացնում է պարբերական հուզումներ՝ ծավալվող շարժումների տեղիք տալով հասարակության գիտակից հատվածի մոտ: Արդյունքում՝ խաղաղության վերաբերյալ նախաձեռնությունները չեն ստանում բավարար աջակցություն: Պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին՝ ինչու՞ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից ունեցած ելույթի ժամանակ վարչապետը չի խոսցել հայ գերիների, օկուպացված տարածքների, Արցախի և այլ կարևորագույն թեմաների մասին, որը մտահոգում է մեր հասարակությանը, ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ինքը որոշում է կայացրել ելույթն այլ տրամաբանությամբ ներկայացնել, ասել այն, ինչ, իբր, բխում է երկրի շահերից։ Այստեղից հետևություն՝ երկրի խնդիրների մասին խուսափում է խոսել երկրի ղեկավարը, ինչը խիստ մտահոգիչ է։
Անփորձություն և կառավարման թերություններ
Կառավարությունը չունի պետության կառավարման հստակ տեսլական և փորձառություն: Ընդդիմադիրները նշում են, որ կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականությունը ոչ համարժեք է և չի բավարարում երկրի կարիքները՝ կապված տնտեսական անկման, գործազրկության և սոցիալական խնդիրների հետ:
Ամփոփելով՝ փաստենք, որ գիտակից հանրության պահանջն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա իշխանության անհապաղ հեռացումը, քանի որ երկրի ներկայիս վիճակը անհնար է բարելավել նրա թուրքամետ իշխանության օրոք: Ընդդիմադիրներն առաջարկում են ստեղծել անցումային կառավարություն, այուհետև՝ նոր ընտրություններ, ինչի միջոցով հնարավոր կլինի երկիրը դուրս բերել տևական ճգնաժամից, վերականգնել հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ և կայուն երաշխիքներ ստեղծել հայ ժողովրդի անվտանգ զարգացման համար:
Ալիսա Աղասյան