Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր որոշում կայացրեց բերման ենթարկել Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատակոչված մի քանի վկաների: Բերման ենթարվող վկաների թվում է նաև ԱԱԾ աշխատակից:
Այսօրվա նիստում ավարտվեց գործով վկա Վահագն Մնացականյանի հարցաքննությունը, ապա` ցուցմունք տվեց մեկ այլ վկա` Կորյուն Հակոբյանը: Նա ներկայացավ որպես ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից: Հակոբյանը պատմեց, որ դեպքի օրը` 2015-ի մարտի 4-ին, կանգնած է եղել Նուբարաշենում գտնվող իր ավտոսպասարկման կետի մոտ, երբ նկատել է արագ քայլերով գնացող երեք երիտասարդի:
«Կանգնած` հեռախոսով էի խոսում, երբ շենքերի մոտից երեք հոգի շնչակտուր եկավ: Խոսակցություններից լսեցի, որ մեկն իրեն վատ է զգացել և մեր տղաներից մեկին խնդրել է իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Հետո ոստիկաններ եկան, հարցուփորձ արեցին, Վահագի համարն ուզեցին»,- պատմեց նա:
Նշենք, որ խոսքը վերաբերում է այս գործով վկա Վահագն Մնացականյանին, ով, համաձայն գործի նյութերի, 2015-ի մարտի 4-ին Էրեբունի վարչական շրջանի տարածքից Նոր Նորքի երկրորդ զանգված է տեղափոխել Երրորդմասցի Լյովիկին և ընկերներին սպանողներին: Վկան հայտնեց, որ չի ճանաչում գործով ամբաստանյալներին, որ նրանց դեմքը չի հիշում: Նա նշեց, որ դեպրեսիայի դեմ դեղամիջոցներ է ընդունում և հիշողության հետ կապված խնդիրներ ունի:
Մեղադրող դատախազը, հակասություններ նկատելով վկայի` դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև, միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը: Պարզվեց, որ նախաքննության ընթացքում վկա Կորյուն Հակոբյանին հարցաքննել են 4-5 անգամ` քննչական տարբեր բաժիններում: Իր ցուցմունքում նա նշել է, որ շենքերից դուրս եկող տղաներն իրենից մոտ 30 մ հեռու են եղել, և նրանց դեմքը չի հիշել, սակայն մյուս ցուցմունքներում քննիչների «օգնությամբ» վկան մտաբերել է նրանց դեմքերը, մանրամասն նկարագրել նրանց մազերի գույնը, հագուստները: Նախաքննական ցուցմունքում վկան նաև հայտնել է, որ երիտասարդներին տեսնելուց ինչ-որ ժամանակ առաջ ինքնաձիգի կրակահերթեր է լսել, սակայն կարծել է հրաձգարանում են կրակում, և ուշադրություն չի դարձրել:
Այսպիսով` այսօրվա դատական նիստը հետաձգվեց, դատարանը որոշում կայացրեց, բերման ենթարկելու որոշումներից զատ, դատակոչել շուրջ մեկ տասնյակ վկաների:
Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին: