կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 16:54
Իրավական

Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության համար Գաստիկը, Ծգլը և Տլեն դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը քիչ առաջ հրապարակեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով դատավճիռը:

Դատարանի վճռով գործքվ ամբաստանյալնոր Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանը և Սարգիս Հախանումյանը մեղավոր ճանաչվեցին ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև երեք անձի սպանության համար և դատապարտվեցին 18 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Արամ Արամյանը երեք ամբաստանյալների համար ցմահ ազատազրկում էր պահանջել։ Իսկ պաշտպանական կողմն արդարացում էր պահանջում՝ նշելով, որ ցանկացած դատական ակտ ապօրինի է լինելու։

«Սա գրպանահատություն չէ, մեկ տարվա ազատազրկում չէ, վաղ թե ուշ հիմնավորվելու է՝ ովքեր են սպանել, լուրջ վերաբերվեք այս գործին»,- պաշտպանական ճառում նշել էր ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը։

Համաձայն մեղադրական եզրակացության, 2015թ. մարտի 4-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլեն) և Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը` տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: