կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-04 13:06
Իրավական

Վերաքննիչ դատարանը կքննի Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողների պաշտպանների բողոքը

Վերաքննիչ դատարանը կքննի Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության մեջ մեղադրվողների պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած սպանությունների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանի, Սարգիս Հախանումյանի և Վահան Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի վերաքննիչ բողոքները:

 

Լուսինե Սահակյանը yerkir.am-ին հայտնեց, որ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

 

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ երեք մեղադրյալներին կալանավորելու որոշումը: Պաշտպանները միջնորդել են վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումները կամ թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

 

Հիշեցնենք, որ երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ:

 

Դեպքից օրեր անց համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որը լայն քննարկումների առիթ դարձավ: Տեսանյութն ուսումնասիրելիս ակնհայտ երևում է, որ այն նկարահանված է պլազմային հեռուստացույցից: Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ի՝ տեսախցիկների արձանագրած անցուդարձին հետևում են հատուկ բաժնում, որտեղ պլազմային էկրաններ կան տեղադրված, և անմիջականորեն ՔԿՀ պետը՝ իր աշխատասենյակից: Չի բացառվում, որ տեսանյութը նկարահանվել է տեսանկարահանման սարքերն առգրավելուց հետո՝ սենյակային պայմաններում: Հիշեցնենք, որ սարքերն առգրավվել են դեպքից անմիջապես հետո՝ մինչ գործն ԱԱԾ ուղարկելը: Այսինքն` էկրանից նկարահանելը կատարվել է կա'մ ՔԿՀ-ի, կա'մ նախաքննական մարմնի աշխատակիցների կողմից:

 

Ի՞նչ եղանակով կամ ո՞ւմ կողմից է տեսանյութը տարածվել, արդեն էական չէ, քանի որ այն տևական ժամանակ է՝ հանրության սեփականությունն է, ավելի՝ տեսանյութն ունի ավելի քան 150 հազար դիտում, սակայն փաստը մնում է փաստ, որ հրապարակվածը նախաքննական տվյալ է:

 

Լավ կլիներ, որ գործը քննող մարմինը, մինչ լրատվամիջոցներին գործի՝ նախաքննական գաղտնիք պարունակելու մասին հիշեցնելը, հետամուտ լիներ, որպեսզի գործի համար կարևոր նշանակություն ունեցող տվյալները հենց այնպես չդառնային հանրության սեփականությունը: Կամ էլ` պարզապես պաշտոնապես հրապարակեր այս և հանցագործների տեղաշարժն արձանագրած մյուս տեսախցիկների տեսանյութերը ու նախաքննական «գաղտնիքը» հանրության «սեփականությունը» դարձներ: