կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 17:09
Տարածաշրջան

Թուրքիայում հայ լրագրողը դատի է տվել Անկարայի քաղաքապետին

Թուրքիայում հայ լրագրողը դատի է տվել Անկարայի քաղաքապետին

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2-4 տարվա ազատազրկման պահանջով ամիսներ առաջ դատի էր տվել Taraf թերթի պոլսահայ հայտնի  լրագրող Հայկո Բաղդադին, ով twitter-յան իր էջում նրան  «նողկալի մարդ» էր անվանել:

Այսօր կայացել է դատավարության առաջին նիստը, որին Բաղդադը մասնակցել է իր փաստաբանի հետ:

Լրագրողների հետ զրույցում Հայկո Բաղդադն ասել է. «Հայկական անուններ կրող մեր երեխաների կյանքին վտանգ է սպառնում Մելիհ Գյոքչեքի նման մարդկանց նողկալի պահվածքի պատճառով»:

Նա բացատրել է նաև Անկարայի քաղաքապետին «հայ» անվանելու  պատճառը, որի համար էլ հենց իր դեմ հայց է ներկայացվել: «Յուրաքանչյուր անգամ, երբ նա իր ձեռքն է վերցնում բարձրախոսը կամ ստեղնաշարի դիմաց նստում, իր քաղաքական  հակառակորդներին, մրցակիցներին, ընտրություններում իր դեմ քվեարկողներին, լրագրողներին «մեղադրում է» հայ լինելու մեջ: Թե ի՞նչ է նշանակում այս «մեղադրանքը»... Նա անընդհատ պատմում է, որ հայ լինելու պատճառով դավաճանում են, կամ նրանք, ովքեր դավաճանում են, ծագումով հայ են, կամ էլ՝ այս երկրում բոլոր վատ բաներն առնչվում են հայի հետ»,- ասել է Բաղդադը՝ հավելելով. «Վերջին անգամ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին Twitter-ում հարցրել էր՝ «դու ծագումով հա՞յ ես»: Ես էլ իր իսկ օգտագործած իմաստով իրեն հայ անվանեցի»:

Լրագրողը հայտնել է նաև, որ ինքը մինչ օրս մտածում է, որ Գյոքչեքը չակերտավոր հայ է, իսկ ինքն էլ իր հերթին նրա դեմ 10 հազար լիրա պահանջով հայց է ներկայացրել, որը ստանալու դեպքում ամբողջությամբ նվիրելու է Ալի Իսմայիլ Քորքմազի անվան հիմնադրամին (Թուրքիայում Գեզի այգու ցույցերի ժամանակ զոհված 19-ամյա երիտասարդ):

Նշենք, որ Անկարայի քաղաքապետը աչքի է ընկնում իր ոչ հարիր պահվածքով: Նա անգամ վիրավորել էր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆին՝ նրան «ապուշ շիկահեր» անվանելով:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի