Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադը 400 ԱՄՆ դոլար փոխհատուցում կվճարի Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին` նրա «նողկալի» անվանելու համար:
Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, այդ որոշումը կայացվել է դատական առաջին նիստի ժամանակ:
Այդ կապակցությամբ Բաղդադն իր Twitter-յան էջում գրել է. «Դրամական փոխհատուցում պետք է վճարեմ: Մելիհ Գյոքչեքի փաստաբանը դատարանում ասաց. «Ես էլ հայ ընկերներ ունեմ: Ես պարտվեցի դատը»:
Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը 2-4 տարվա ազատազրկման պահանջով ամիսներ առաջ դատի էր տվել Taraf թերթի պոլսահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդադին, ով twitter-յան իր էջում նրան «նողկալի մարդ» և չակերտավոր հայ էր անվանել, ինչի համար էլ նրա դեմ հայց էր ներկայացվել: Նա թուրք քաղաքապետին «հայ» անվանելու պատճառը բացատրել էր հետևյալ կերպ. «Յուրաքանչյուր անգամ, երբ նա իր ձեռքն է վերցնում բարձրախոսը կամ ստեղնաշարի դիմաց նստում, իր քաղաքական հակառակորդներին, մրցակիցներին, ընտրություններում իր դեմ քվեարկողներին, լրագրողներին «մեղադրում է» հայ լինելու մեջ: Թե ի՞նչ է նշանակում այս «մեղադրանքը»... Նա անընդհատ պատմում է, որ հայ լինելու պատճառով դավաճանում են, կամ նրանք, ովքեր դավաճանում են, ծագումով հայ են, կամ էլ՝ այս երկրում բոլոր վատ բաներն առնչվում են հայի հետ»,- ասել էր Բաղդադը՝ հավելելով. «Վերջին անգամ Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին Twitter-ում հարցրել էր՝ «դու ծագումով հա՞յ ես»: Ես էլ իր իսկ օգտագործած իմաստով իրեն հայ անվանեցի»:
Լրագրողը հայտնել էր նաև, որ ինքը մտածում է, որ Գյոքչեքը չակերտավոր հայ է, իսկ ինքն էլ իր հերթին նրա դեմ 10 հազար լիրա պահանջով հայց էր ներկայացրել, որը ստանալու դեպքում ամբողջությամբ նվիրելու էր Ալի Իսմայիլ Քորքմազի անվան հիմնադրամին (Թուրքիայում Գեզի այգու ցույցերի ժամանակ զոհված 19-ամյա երիտասարդ):
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Հայկո Բաղդադը հերթական անգամ ցուցմունք էր տվել դատարանում իր հոդվածներից մեկում նախագահ Էրդողանին «վիրավորելու» համար: