Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Մահմեդական Բայրամի տոների նախօրեին Մոսկվայում հանդիսավորությամբ բացվել է 1904թ. կառուցված և վերանորոգման արդյունքում 20 անգամ մեծացված Եվրոպայում ամենամեծ մզկիթը, որտեղ միաժամանակ կարող է նամազ անել 10 հազար մահմեդական: Մզկիթի բացմանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղազախստանի նախագան Նուրսուլթան Նազարբաևը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, ինչպես նաև Ռուսաստանի մուսուլմանաբնակ ֆեդերալ սուբյեկտների` Թաթարստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի ղեկավարները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացման արարողության ժամանակ մեջբերումներ է արել Ղուրանից, Թուրքիայի նախագահին ողջունել թուրքերենով: Վերջինիս հետ կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չափազանց գոհ է Թուրքիայի հետ ներկայիս միջպետական կապերի զարգացման մակարդակից:
Թե նման մեծության Մզկիթի կառուցումը, թե այն Բայրամի նախօրեին բացելը և թե Էրդողանին հաճոյանալուն ուղղված Պուտինի քայլերն ինքնանպատակ չեն: ՌԴ նախագահը փորձում է Ռուսաստանը ներկայացնել որպես մահմեդական և հատկապես թյուրքախոս աշխարհի հանդեպ ամենալոյալ և միջկրոնական երկխոսության ու հանդուրժողականության հարթակ հանդիսացող երկիր:
Ռուսաստանում բնակվում է ավելի քան 25 մլն մահմեդական, որոնք հաշվի առնելով հատկապես Թաթարստանի մեծությունը, հսկայական տարածքներ են զբաղեցնում: Գաղտնիք չէ, որ կենտրոնական իշխանությունների համար անջատողականության հետ կապված հիմնական գլխացավանքն առաջացնում են հենց մահեմդական բնակչություն ունեցող ֆեդերալ սուբյեկտները` Չեչնիան, Ինգուշեթիան, Դաղստանը, ինչպես նաև Թաթարստանը և պատահական չէ դրանց ղեկավարների ներկայությունը մզկիթի բացման արարողությանը: Մայրաքաղաքում Մզկիթի կառուցումն առաջին հերթին ուղղված է տնտեսական ներկայիս վատթարացող վիճակում ներքին անջատողականության կրոնական բաղադրիչը չեզոքացնելու իշխանությունների մղումներով:
Վերոնշյալ գործոնը սերտորեն կապված է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և հատկապես իսլամական ծայրահեղականության` օր օրի ահագնացող վտանգով, ինչը հղի է միջազգային ահաբեկչությունը կրկին Ռուսաստան տեղափոխելու վտանգով: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իլյա Ռոգաչևը օրերս հայտարարել է, որ առայժմ Ռուսաստամի համար իսլամական ծայրահեղականությունը սպառնալիք է ավելի շուտ գաղափարական առումով` թերևս նկատի ունենալով հենց կրոնի գաղափարական ազդեցությունը: Ըստ որոշ տվյալների` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների շարքերում հիմնականում հենց մահմեդական ՌԴ մոտ 2500 քաղաքացի կա, որոնց շրջանակը կարող է աճել: Բայց իրական վտանգը, որ Մոսկվայի համար արդեն դառնում է շոշափելի, ահաբեկչական ակտեր իրականացնելու նպատակով այդ զինյալների Ռուսաստան վերադառնալու հեռանկարն է: Գաղափարախոսությանտեսանկյունիցսահմաններչկան «Իսլամականպետության» ընդլայնմանհամար: ԵվայստեղխոսքըչիգնումՌուսաստանիմիայնհարավայինշրջաններիմասին: Նրանցուշադրությանօբյեկտկարողենդառնալմուսուլմանականբոլորշրջանները»,- ասել է Ռոգաչևը: Այս տեսանկյունից կրոնական զգացումները հարգելու նման ժեստերով երկրի մահմեդական հանրույթի համակրանքն ու վստահությունը շահելու միջոցով Մոսկվան ձգտում է նվազագույնի հասցնել այդ ռիսկերը և արդարացնել վերահսկողությունն ուժեղացնելու հետագա միջոցառումները: Անվտանգության առումով դրան գնալը դառնալու է անխուսափելի` հաշվի առնելով Սիրիայում ռազմական կոնտինգենտ և զինտեխնիկա տեղակայելու և այդպիսով ԻՊ-ին պատերազմ հայտարարելու Մոսկվայի քայլը:
Մասամբ նաև դրանով է պայմանավորված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Պուտինի կողմից անսպասելի ջերմ ընդունելությունը մի իրավիճակում, երբ աշխարհաքաղաքական ու էներգետիկ գրեթե բոլոր հարցերում Մոսկվան և Անկարան ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ և շահեր: Պուտինը չի կարող հաշվի չնստել իսլամիստ ծայրահեղականների հետ Էրդողանի վարչակազմի ունեցած գրեթե անթաքույց կապերի և նրանց վրա ունեցած ազդեցության հետ, հետևաբար խնդիր ունի Անկարայի միջոցով չափավորելու նրանց շրջանակներում հակառուսական տրամադրությունների ուժեղացումը: Դրանով Մոսկվան ուժեղացնում է Անկարայի դիրքերը նաև իր հետ հարաբերություններում, փոխարենը, վերջինիցս, թերևս ակնկալելով հնարավորինս լոյալ վերաբերմունք Սիրայում իր գործողությունների հանդեպ: Չի բացառվում, որ հանուն դրա Մոսկվան պատրաստակամություն հայտնի լոյալություն դրսևորել Անկարայի հանդեպ քրդական հարցում, և համակերպվի հարավկովկասյան ճակատում Անկարայի որոշակի ակտիվացման հետ: Դրա համար Ռուսաստանն ունի երկու կարևոր պատճառ: Առաջինը «Թուրքական հոսք» գազատարի շինարարության հարցում վերջապես Թուրքիայի հետ չստացվող բանակցություններում ճեղքում ապահովելն է, որը Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունի: Երկրորդը իր նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակման ազդեցությունը հենց Թուրքիայի և մահմեդական երկրների հետ տնտեսական սերտ համագործակցությունը խորացնելու միջոցով թուլացնելու նպատակն է, որտեղ Թուրքիան Մոսկվայի համար անփոխարինելի երկիր է:
Այլ կերպ ասած` կարծես թե ուրվագծվում են ի հեճուկս Արևմուտքի և սեփական անվտանգության նկատառումներից ելնելով մահմեդական երկրների հետ նոր` ոչ ֆորմալ ալյանս կազմելու` Ռուսաստանի ձգտումները: Պատահական չէ, որ արդեն իսկ պլանավորվել է ՌԴ նախագահի պաշտոնական այցը Իրան, որը կարող է շրջադարձային լինել ոչ միայն Իրան-Ռուսաստան հարաբերությունների, այլև աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումների առումով: Այս խորապատկերում առաջ է գալիս Հայաստանի տեղն ու դերը վերանայելու, հստակեցնելու, նոր փոփոխություններում ադեկվատ ճկունություն դրսևորելու խնդիրը: Որովհետև այս զարգացումները իրենց մեջ Հայաստանի համար ինչպես դրական հեռանկարներ են պարունակում, այնպես էլ` լրջագույն ռիսկեր:
Գևորգ Դարբինյան