կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 13:39
Հասարակություն

Իսլամական ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող վտանգ չկա. փորձագետ

Իսլամական ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող վտանգ չկա. փորձագետ

Իսլամական ահաբեկչությունից Հայաստանին սպառնացող ոչ մի վտանգ չկա, սակայն պետք է միշտ զգոն լինենք. այսօր լրագրողներին ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչություններին: «Սա հերթական ազդակն է, որ որևէ երկիր ահաբեկչությունից չի կարող խուսափել»,- ասաց նա:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով էլ՝ Հայաստանը, որպես կայացած պետություն, պետք է զգուշանա նման վտանգից: Ըստ նրա՝ պետք է խստացվի հսկողությունը հայ-իրանական սահմանին, որպեսզի Իրանից Հայաստան ահաբեկիչներ չներթափանցեն:

Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետհեղափոխական շրջանում նման ահաբեկչություն տեղի չէր ունեցել: Նա համոզմունք հայտնեց, որ Իրանը կկարողանա հաղթահարել ստեղծված ճգնաժամը և կուժեղացնի երկրի անվտանգությունը:

Հարցին, թե ինչո՞ւ հենց Իրանը, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Իրանը «Իսլամական պետության» առաջին գաղափարական թիրախներից մեկն է, և, որպես իսլամի հակոտնյա ուղղություններ դավանող երկու տարբեր խմբավորում և պետություն, նրանք միշտ էլ հակասություններ են ունեցել միմյանց հետ»:

Փորձագետի կարծիքով՝ ակնհայտ է, որ ահաբեկիչները թիրախավորել էին Իրանի պետությունը, ոչ թե երկիրը, քանի որ թիրախում երկրի խորհրդանիշները համարվող կառույցներն էին, հակառակ դեպքում` ահաբեկչություններն ավելի մարդաշատ վայրերում կարվեին»,- ասաց նա:

Ըստ Պետրոսյանի՝ այս ահաբեկչությունը հերքեց այն կարծիքը, թե իբր «Իսլամական պետության» առաջին հովանավորներից է Իրանը: Այդպիսով` ԻՊ-ը փորձում է ցույց տալ, թե իբր ինքնուրույն է գործում: Պետրոսյանի խոսքով՝ այս ահաբեկչությունները ձեռնտու էին Թուրքիային և Իսրայելին:

Ըստ նրա՝ Իրանի պատասխանը շուտ չի լինի: «Իրանը սառը դատեց իրավիճակը, և ես կարծում եմ, որ մենք միանգամից պատասխանի ականատես չենք լինի: Համոզված եմ, որ Իրանը լուրջ գործողություններ կնախապատրաստի ԻՊ-ի դեմ Սիրիայում կամ Իրաքում»,- եզրափակեց փորձագետը: