կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-22 16:29
Հասարակություն

Տախտակի բիզնեսը խլելու փորձի համար հայտնի գեներալը պատժել է գողականին

Տախտակի բիզնեսը խլելու փորձի համար հայտնի գեներալը պատժել է գողականին

Մեկի տանիքը մյուսի հատակն է: Այս չգրված կանոնն արդիական է բոլոր ժամանակներում, հատկապես` երբ խոսքը վերաբերում է բիզնեսին: Իսկ հայաստանյան բիզնեսում գոյություն ունեցող չգրված կանոններից մեկը մենաշնորհն է՝ տնտեսության թուլացման համար պատասխանատու գլխավոր չարիքը: Այլևս զարմանք չի առաջացնում, որ մեր երկրում ինչ-որ ոլորտում ուժեղը կարող է «նեղացնել» թույլին, նրանից խլել բիզնեսը, ունեզրկել կամ, ասենք, մարդուն հասցնել ինքնասպանության, սակայն, երբ ուժեղներն են իրար հետ ոտք մեկնում` արդյունքում հայտնվելով անախորժ իրավիճակներում, զավեշտալի է դառնում:

Նմանօրինակ մի զավեշտալի դեպք տեղի է ունեցել վերջերս՝ Հայաստանում հայտնի մի գեներալի և որոշ շրջանակների համար գողական համարվող գործարարի մասնակցությամբ: Չկամենալով գաղտնազերծել անուններն ու պատմությանն ավելորդ երանգներ չտալով` նշենք միայն, որ միջադեպը կապված է տախտակի բիզնեսի հետ:

Եվ այսպես` Yerkir.am-ին հայաստանյան ազդեցիկ դեմքերից մեկը (ի դեպ՝ ծիծաղելով) պատմեց, որ մոտ երկու շաբաթ առաջ ինչ-որ անձինք Ռուսաստանի Դաշնությունից երկու բեռնատարով տախտակ են ներկրում Հայաստան և վաճառքի հանում Երևանյան լճի տարածքում: Կարճ ժամանակ անց վաճառքի պատասխանատու երիտասարդին մոտենում են «գոլդ» համարանիշերով մեքենաներով ինչ-որ անձինք և, նրան նստեցնելով մեքենան, տանում ինչ-որ գործարանի տարածք: Գործարանում երիտասարդի հետ զրուցում է հայտնի գողականը, ով «դասական օրինակով» տախտակ ներկրողին «բացատրում է», որ նա այլևս փայտ չունի և այլևս չպետք է դրսից նման ապրանք ներկրի: Գողականը չի մերժում «իրեն հասկացած» երիտասարդի խնդրանքն ու նրան թույլատրում է «տեղ զանգել»: Երիտասարդն էլ զանգահարում է ինչ-որ մեկին և հայտնում իրավիճակի մասին: Կես ժամ անց գողականին զանգահարում են տանից և հայտնում, որ մեծ թվով մարդիկ, որ ժամանել են մեքենաներով և զինված են, իրեն են փնտրում: Այնուհետև գողականին են զանգահարում նաև անկոչ հյուրերը: Պարզվում է, որ զանգահարողը հայտնի գեներալի աջ ձեռքն է, և որ ներկրված ապրանքը հենց գեներալի պատվերով է բերվել Հայաստան: Անախորժ իրավիճակից դուրս գալու համար գողականն ասում է, թե ինքն էլ պատրաստվում էր նրանց զանգել ու հարցնել, թե որքա՞ն արժե ներկրված փայտի մեկ խորանարդ մետրը: Գեներալի ներկայացուցիչն էլ շուկայականից եռակի թանկ գին է ասում: Բնականաբար, գողականը ստիպված է լինում վճարել:

Թե ի՞նչ է արել գողական գործարարը գեներալից գնած թանկարժեք ապրանքը, հայտնի չէ, սակայն փաստ է, որ նա ինքն իր ոտքով ընկել է իր իսկ սարքած ծուղակը: Այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ինչքան մութ, այնքան էլ անկանխատեսելի կողմեր ունի հայաստանյան բիզնեսը, իսկ դրանից գլուխ հանելու համար առնվազն պետք է լինել գեներալ: