կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-26 17:23
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ մարդու կյանքը խլելու պարագայում է անպատիժ մնացել. ծեծված գործարարի կին

Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ մարդու կյանքը խլելու պարագայում է անպատիժ մնացել. ծեծված գործարարի կին

Արդեն տեղեկացրել ենք, որ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության` երեկ տարածած հաղորդագրության, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը խոստովանել է, որ անձամբ է բռունցքով, այնուհետև ոտքերով հարվածել «Էյր Արմենիա» ընկերության համասեփականատեր Ա. Ավետիսյանին: Չնայած այս ամենին` գործ չի հարուցվելու. Ռուբեն Հայրապետյանը հերթական անգամ որևէ պատասխանատվության չի ենթարկվելու:

Yerkir.am-ի հետ զրույցում Արսեն Ավետիսյանի կինը` Իզաբելլա Մելքումյանը, հայտարարեց, որ Հայրապետյանի և Ավետիսյանի հաշտությունն ուժի մեջ է, և իրենք չեն պատրաստվում որևէ ընթացք տալ այս գործին: «Ես արդեն չեմ ուզում անդրադառնալ այդ պատմությանը, հոգնել եմ, ինձ արդեն չի էլ հետաքրքրում այն, որ Ռուբեն Հայրապետյանը նման բան է ասել: Այո, իմ ամուսնուն ստիպում էին թուղթ ստորագրել, որով համաձայնում է, որ պարտք է Ռուբեն Հայրապետյանին, բայց այն, ինչ եղել է… Էլ չեմ ուզում դրան անդրադառնալ»,- ասաց գործարարի կինը` հավելելով. «Դեպքի երկրորդ օրվանից սկսած` Ռուբեն Հայրապետյանի կողմից մարդիկ են եկել` հաշտության առաջարկով, դե, ամուսինս էլ իր բացատրության մեջ գրել է, թե ինչի համար է ընդունել հաշտության ձեռքը: Հիմա որևէ կապ չկա Հայրապետյանի հետ»:

Իզաբելլա Մելքումյանը նշեց, որ «բոլորն էլ հասկանում են` ինչու այս պատմության մեջ ոչ մի բան չի կպչում իրար»:

Դիտարկմանը` փաստորեն այսքանից հետո էլ իրենց չի մտահոգում Հայրապետյանի՝ անպատիժ մնալը, Իզաբելլա Մելքումյանը պատասխանեց. «Ինձ թվում է` ճիշտ կլինի այս ամենը չփորփրել: Մի բան էլ ասեմ` քանի որ դա եղել է 100 հոգու աչքի առջև, դժվար էր չխոստովանել: Ինքը սկզբում ասում էր, որ ընդհանրապես չի եղել այնտեղ, բայց, դե, հետո ասաց, որ եղել է: Դուք ինձանից լավ գիտեք նախորդ դեպքերը` Հայրապետյանի հետ կապված: Ինքը ինչ-որ ձևով պատժվե՞լ է այդ դեպքերի համար: Նույնիսկ մարդու կյանքը խլելու պարագայում է անպատիժ մնացել: Տարբեր հանգամանքներից ելնելով` իմ ամուսինն ընդունեց Հայրապետյանի մեկնած հաշտության ձեռքը»:

Ըստ Իզաբելլա Մելքումյանի` եթե չլիներ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը, ամուսնուն բաց չէին թողնի: «Էլի եմ ասում` մեզ էլ հասկացեք, էլի, առաջին դեպքը չի էդ մարդու հետ կապված, ու նա ոչ մի անգամ էլ չի պատժվել: Ես այդ պահին գնացի էն աշխարհ, հետ եկա, բա էլ ո՞նց պետք է ինձ պահեի»,- եզրափակեց Հայրապետյանի կողմից ծեծված գործարարի կինը՝ խնդրելով սահմանափակվել այսքանով: